Լիբերալզիմի ավա՞րտ (թեմա 2, մաս 2)

Լիբերալզիմի ավա՞րտ (թեմա 2, մաս 2)

Առանց պատասխանատվության և վաստակի, միայն իրավունքով առաջնորդվող քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ էին հենվում բնազդային պահանջմունքների վրա,՝ ձևավորելով՝ նյութապաշտ, սպառող պարզունակ արժեքներով բավարարվող «երջանիկ» հասարակությունների մոդելներ, իսկ տնտեսական ու քաղաքական լիբերալիզմն անընդհատ մոդիֆիկացվում էր, որպեսզի կարողանար կերակրել իր ստեղծած «հրեշներին» և որպեսզի ինքը նույնպես վերարտադրվեր

Այն, որ համավարակը համաշխարհային տնտեսական խորը ճգնաժամ է առաջացնելու, դա արդեն ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Առաջադրվող ցանկացած վատատեսական սցենար մի քանի օրերի ընթացքում համարվում է արդեն լավատեսական և թարմացվում է առավել հոռետեսական կանխատեսումներով: Հետևաբար, այս պահին խոսել տնտեսական ճգնաժամի հաղթահարման մեխանիզմների մասին ուղղակի անհնար է, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը գտնվում է ազատ անկման մեջ, որի դադարը դեռ նկատելի չէ:

Սակայն, ըստ մասնագետների, համավարկը միայն արագացրեց համաշխարհային տնտեսության փլուզման և նորովի վերակառուցման հեռանկարը, քանի որ գոյություն ունեցող տնտեսական պատկերացումներն ու իրողություններն արդեն ստեղծել էին տնտեսական խորքային ճգնաժամի համար բավականին կայուն բազա:

Առկա խնդիրներից մենք շեշտադրենք հետևյալները՝ առաջարկ-պահանջարկի արհեստական ստիմուլացում և գերսպառող հասարակության ձևավորում, կուտակված ազատ կապիտալով ֆոնդային բորսաների գերտաքացում և «տնտեսական փուչիկների» ձևավորում, որոնց պարբերական պայթունը փոխարինեց տնտեսական զարգացման բնական ցիկլերին, երրորդային սեկոտորի անհամաչափ զարգացում՝ առաջնային և երկրորդային սեկտորների նկատմամբ:

Մասնագետների դիտարկմամբ. «…Տնտեսության մեջ ամեն ինչ հիմնված է աճի գաղափարի վրա: Տնտեսական աճերը տեղի են ունենում այդ ավելցուկային սպառման արդյունքում: Մարդուն իրականում պետք չէ սպառողական այս բուկետը, բայց դա է հիմքն այսօրվա աշխարհի տնտեսական աճի: Ցանցային կազմակերպությունները, կոնցեռները, բոլոր այդ գիգանտները կարողանում են իրենց գոյությունը պահպանել և մի բան էլ աճել հենց այդ ավելցուկային (արատավոր) սպառողականության հաշվին: Իսկ ամբողջ աշխարհի կառավարությունների հիմնական նպատակն է դարձել խթանել սպառողականությունը և ապահովել այդ տևական տնտեսական աճը, որից էլ կախված է նաև իրենց կարիերան և հաջողությունը:

Իհարկե անհնար էր դա անել, եթե չլիներ այդ սպառողականության կրակի մեջ անընդհատ վառելիք ավելացնող ֆինանսաբանկային համակարգը՝ ֆինանսական շուկաները և դրանց գործիքները թույլ են տալիս կապիտալն անընդմեջ բազմապատկել, ստեղծելով ֆինանսական փուչիկներ, իսկ բանկային համակարգը հնարավորություն է տալիս մարդուն, չունենալով համապատասխան միջոցներ այսօր, սպառել ապագայի միջոցները, դրանով իսկ ապահովելով այսօրվա համար սպառողականության (տնտեսական) աճ:

Այսօր, հենց իրենք նեոլիբերալներն են մատնանշում գլոբալ փոփոխությունների անհրաժեշտությունը և համաշխարհային տնտեսությանը սպառնացող մարտահրավերների բնույթը: Ըստ, նրանց, լիբերալիզմը նախկինում էլ հանդիպել է նման ճգնաժամերի, բայց միշտ դուրս է եկել ավելի ուժեղ: Սակայն, այսօր ճգնաժամն ավելի լուրջ է, քանի որ նախկինում լիբերալները կարողացել են հասարակության խնդիրների առաջարկել արդյունավետ լուծումներ, իսկ այսօր ոչ:

Ըստ այդմ, մարդկությունը պետք է հիմա լուծի այս խնդիրը՝ ստեղծի աշխարհի համար «նոր պատմություն»: Ինչպես արդյունաբերական հեղափոխության ընթացքում առաջ եկան նոր գաղափարախոսություններ, այնպես էլ տեղեկատվական և կենսատեխնոլոգիական ոլորտում սկսված և շարուակվող փոփոխությունները պահանջ են դնում տնտեսական բոլովին նոր տեսության:

Մշակութացման ոլորտում, ինչպես արդեն նշել ենք, սկսված ու խորացող ճգնաժամը արտահայտվեց «մարդու իրավունքներ» հասկացածության գերծայրահեղականացման պատճառով: Նկատենք, որ ընդհանրապես տիրապետող լիբերալիզմի արժեքային հենքը ձևավորվել է անհատի հիմնարար իրավունքների՝ կյանքի, ազատության և մասնավոր սեփականության վրա: Սակայն, ժամանակի ընթացքում այս հասկացությունները ծայրահեղականացվեցին: Տնտեսական և քաղաքական լիբերալիզմի գաղափարախոսները պարբերաբար առաջ եկող ճգնաժամերի հաղթահարման ուղին տեսնում էին հենց անհատի իրավունքների բացարձակացման և քաղաքական կապիտալիզացման մեջ: Աստիճանաբար մարդու համընդհանուր իրավունքերից առանձնացվեցին երեխաների իրավունք, կանանց իրավունք, սեռական ու կրոնական փոքրամասնությունների իրավունք և այլ հասկացություններ: Դրանք դարձան ոչ միայն սեփական հասարակություններում քաղաքական ու տնտեսական կապիտալի իրացման թիրախներ, այլև հանդիսացան աշխարհաքաղաքական հզոր գործիքներ նեոգաղութային աշխարհում վերահսկողություն իրականացնելու համար: Ստեղծվեցին զանազան կոնվենցիաներ, որոնք առաջին հերթին միտված էին սահմանափակելու երկրների պետական սուվերենությունը, դրանց առաձին գործառույթներ հանձնելով վերազգային կազմակերպություններին: Մշակութային լիբերալիզմը հանգեցրեց հասարակությունների վերջնական բարոյազրկման:

Առանց պատասխանատվության և վաստակի, միայն իրավունքով առաջնորդվող քաղաքացիներն ավելի ու ավելի հաճախ էին հենվում բնազդային պահանջմունքների վրա, ձևավորելով՝ նյութապաշտ, սպառող, պարզունակ արժեքներով բավարարվող «երջանիկ» հասարակությունների մոդելներ: Իսկ տնտեսական ու քաղաքական լիբերալիզմն անընդհատ մոդեֆիկացվում էր, որպեսզի կարողանար կերակրել իր ստեղծաց «հրեշներին» և որպեսզի ինքը նույնպես վերարտադրվեր: Արդյունքում, եվրոպական զարգացած, «երջանիկ» երկրներում արդեն վաղուց խախտվել էր հավասակշռությունը՝ բժիշկի և շոուբիզնեսի աստղի, արտադրողի և բանկիրի, ուսուցչի և մարքետոլոգի սոցիալական կարգավիճակների միջև:

Եթե վերը քննարկվածին ավելացնում ենք նաև բնապահպանական ոլորտում կուտակված խնդիրները, որոնք կտրուկ մեղմվեցին տոտալ կարանտինային պայմաններում, ապա գոյության իրավունք կարող է ունենալ այն պնդումը, որ այս ճգնաժամը կարող է և պետք է կատարեր «սանիտարի» դեր: Իրականում այսօր ախտահարվել են Աշխարհի նկատմամբ տնտեսական, քաղաքական և սոցիալական այն պատկերացումները, որոնք իրենց սպառել են:
Այս պարագայում գալիս է գլխավոր հարցը. արդյո՞ք մարդկությունը պատրաստ է արմատապես փոխել վերը թվարկված պատկերացումները և ամբողջապես վերարժևորել սեփական ընթացքը, թե՞ առկա խնդիրներին ժամանակվոր լուծումներ կգտնվեն, և տեղի կունենա համակարգի սովորական Restart-վերագործարկում:

Դատելով առկա ազդակներից, իրավիճակը հուսադրող չէ: Քանի որ կրկին տնտեսական ոլորտում փորձ է կատարվում ֆինանսաբանկային համակարգի միջոցով խթանել արհեստական սպառողականությունը, կրկին հանդուրժողականությամբ փաթեթավորված փորձ է կատարվում ձևավորել համաշխարհային տիրապետություն: Իսկ այս պարագայում, ապագա համավարակային (ոչ միայն) ճգնաժամերն անխուսափելի են լինելու գուցե առավել, համատարած, առավել վտանգավոր և առավել կործանարար:

Մենք խնդրի լուծումը տեսնում ենք մեր ապրելակերպի փիլիսոփայության արմատական փոփոխության մեջ: Այսինքն, եկել է արմատապես Նոր Աշխարհ կառուցելու ժամանակը: Եկել է նաև որակով փոքրերի ժամանակը: Իհարկե, մարդկությունը նման գիտակցման չի կարող գալ ակնթարթորեն: Սակայն, առկա և սպասվող ճգնաժամերը կստիպեն այդ փոփոխության: Հետևաբար, մենք այսօր պետք է պատրաստվենք և այսօր պետք է սահմանենք ապագա Աշխարհի նկատմամբ մեր երազը…

Շարունակելի

Կարդա նաև — տե՛ս Թեմա 1 (Մաս 1), տե՛ս Թեմա 1 (Մաս 2)

Կարդա նաև — տե՛ս Թեմա 2 (Մաս 1)

Ազգային Արժեք ակումբ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • 1. Ներսիսյան Ա., «Քաղաքակրթություն» գիտական կատեգորիայի հիմունքները: Հասկացության գիտական մեկնաբանման փորձ, ՇՊՀ գիտ. տեղեկագիր 2017, Գ., 2017 N 1, Բ պրակ էջ 56-65:
  • 2. Ներսիսյան Ա. «Քաղաքակրթություն» բուրգի ներքին կառուցվածքը, ՇՊՀ գիտ. տեղեկագիր 2018, Գ., 2018, էջ 181-189:
  • 3. Биров Э., Конец либерализма – новый мир или тупик? regnum.ru/news/polit/
  • 4. Гончаренко А. П., «Мильные пузыри мировой эконимики», https://cyberleninka.ru /article/n/mylnye-puzyri-mirovoy
  • 5. Кузык Б. Н. Яковец Ю. В. Цивилизация: прошлое и будущее. М. Институт экономических стратегий. 2008. 576 с
  • 6. Макрон: «Мы определенно являемся свидетелями конца западной гегемонии в мире» (ELYSEE, Франция), https://inosmi.ru/politic/20190828/.html
  • 7. IMF Managing Director Kristalina Georgieva’s Statement Following a G20 Ministerial Call on the Coronavirus Emergency, https://www.imf.org/en/News/Articles/2020/03/23
  • 8. Gordon Brown calls for global government to tackle coronavirus, https://www.theguardian.com/politics/2020/
  • 9. Pueyo Tomas, Coronavirus: The Hammer and the Dance, https://medium.com/…/coronavirus-the-hammer-and-the-dance-b…
  • 10. Yuval Noah Harari, Does Trump’s Rise Mean Liberalism’s End?, New Yorker, https://www.newyorker.com/business/currency/
  • 11. https://www.facebook.com/tigran.zarikyan/posts/2856555217765768
wp-apeth