Կապահովվի պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը

Կապահովվի պարեկային ծառայության նյութատեխնիկական հագեցվածությունը

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների և այլ գույքի ձեռք բերման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացնել 2 մլրդ 161 մլն 600 հազար դրամ՝ 140 պարեկային ավտոմոբիլի և Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համար վարչական սարքավորումների ձեռք բերման նպատակով: Վերաբաշխման միջոցով 32,4 մլն դրամ առաջարկվում է ուղղել նոր ստեղծվող Պարկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի շենքերի շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը և պարտադիր փորձաքննությանը:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Այս որոշումը կապվում է Պարեկային ոստիկանություն ունենալու մեր նպատակադրման հետ: Իհարկե, տեղյակ եք, որ մենք նախկինում պլանավորել էինք, որ արդեն 2021 թ.-ի մարտից ունենայինք Պարեկային ոստիկանություն, բայց համավարակի և պատերազմի պատճառով մեր այդ պլանները հետաձգվեցին: Հիմա նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել 2021 թ.-ի ամռանը: Մեր ապագա Պարեկային ոստիկանության աշխատակիցներն անցնում են ուսումնառության փուլ Ոստիկանության ակադեմիայում: Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ ընդգրկված են ոչ միայն գործող ոստիկաններ, այլ քաղաքացիական անձինք, ովքեր առաջին անգամ են կրելու ոստիկանի համազգեստը: Ընդ որում, մենք հույս ունենք, որ այսպիսով Պարեկային ոստիկանության ներդրմամբ, որը մեկնարկելու է մայրաքաղաք Երևանից, մտադիր ենք շարունակել Շիրակի և Լոռու մարզերով, այնուհետև շարունակել մնացած բոլոր մարզերում: Նոր շունչ և ազդակ կհաղորդվի ընդհանրապես ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Ուզում եմ տեղեկացնել, որ լինելու են նոր ավտոմեքենաներ, լինելու է նոր դիզայն, նոր ձևավորում, համենայնդեպս, եթե հանկարծ պարզվի ավելի լավ դիզայն չենք կարողանում գտնել, բայց կաշխատենք, որ գտնենք: Լինելու է նոր բովանդակությամբ նոր ծառայություն և նաև պետք է ասել, որ Պարեկային ոստիկանությունում ավելի բարձր աշխատավարձ սահմանելու որոշում ենք կայացրել: Հույս ունենք, որ այս գործընթացում, որը պետք է շարունակվի մարզերում, ոչ միայն գործող ոստիկանները, այլ քաղաքացիական անձինք որոշում կկայացնեն և այս ծառայության մեջ ներգրավվելու քայլ կկատարեն: Մենք վերջին անգամ երկու օր առաջ ենք քննարկել, փաստորեն պարզվում է, որ ֆինանսատնտեսական, տեխնիկական հարցերն ամբողջությամբ լուծված են, մնում է, որ ըստ ժամանակացույցի իրագործվի ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրագործել: Հույս ունեմ, որ նաև նոր ծառայության ի հայտ գալը նոր մթնոլորտ կբերի մայրաքաղաքին և նաև օրենքի, օրինականության նկատմամբ նոր մշակույթ կձևավորի»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth