«Հայրենիքի փրկության շարժման» կոչը քաղաքացիներին

«Հայրենիքի փրկության շարժման» կոչը քաղաքացիներին

Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին: Հայրենիքի փրկության շարժման խորհրդի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված ուժերին»:

Հայտարարությամբ կոչ է արվում քաղաքացիներին փետրվարի 25-ին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում՝ ավարտին հասցնել կառավարության, Նիկոլ Փաշինյանի հեռացման գործը՝ միաժամանակ ցուցաբերելով զսպվածություն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:

«Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Հանրապետության հրապարակում հավաքվում են քաղաքացիներ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth