Հայտնի են Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Փետրվարի 23-25-ն Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում կայացել են Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց մասնակցել է 41 մարզիկ-մարզուհի (22 տղա, 19 աղջիկ): Առաջնություններն ընթացել են առանց տարիքային սահմանափակման. կրտսեր սերնդի ներկայացուցիչները ևս մասնակցել են՝ հանդես գալով մեծահասակների ծրագրով:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ առաջնության մակարդակը սպասվածից ավելի բարձր է եղել. «Անկեղծ ասած, հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկար ժամանակ մարզումներ և մրցումներ չէին եղել, մեծ սպասելիքներ չունեի, բայց բոլորն էլ գոհացուցիչ արդյունքներ գրանցեցին: Առաջնության ժամանակ վարժություններն ավելի լավ կատարեցին, քան մարզումների»:

Հավաքականի գլխավոր մարզիչն ընդգծել է, որ մարզաձևում սերնդափոխությունը լավ է ընթանում. «Գոհ եմ, որ պատանի մարզիկները, որոնց թույլատրել էինք մասնակցել մեծահասակների ծրագրով, լավ հանդես եկան: Լավ սերունդ և ներկայիս սերնդին լավ փոխարինողներ ունենք: Մասնակիցների քանակը, բնականաբար, գոհացուցիչ չէ, բայց պետք է նկատենք, որ բոլորն ուժեղ են: Օրինակ՝ եթե այլ մարզաձևերում 20 մարզիկից ընտրում են 5-ին, մենք 7 հոգուց կարող եք ընտրել 5-6-ին: Այստեղ մեկ այլ խնդիր ունենք՝ պետք է հնարավորինս խուսափել վնասվածքներից»:

Նախատեսված էր, որ Հայաստանի առաջնությունից հետո՝ մարտի 10-13-ը, սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Դոհայում պետք է մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, սակայն այն հետաձգվել է դեռևս անորոշ ժամանակով: Հակոբ Սերոբյանը տեղեկացրել է, որ այժմ ծրագրում են մարտի 15-ից հետո ուսումնամարզական հավաք անցկացնել Վրաստանում՝ նախապատրաստվելով ապրիլին Բազելում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այդ ստուգատեսում Հայաստանը ներկայացնելու է 5 մարմնամարզիկ:

Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության տղամարդկանց բազմամարտում լավագույն արդյունքը գրանցել է Արթուր Դավթյանը (83.271), որը Հայաստանը ներկայացնելու է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում: Երկրորդ մրցանակակիրը Գագիկ Խաչիկյանն է (78.604), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արմեն Պետրոսյանը (75.6):

Արթուր Դավթյանը նշել է, որ այժմ լրջորեն պատրաստվում է մարզական կարևորագույն ստուգատեսին. «Հայաստանի առաջնությունն այս տարվա առաջին մրցումն էր: Մարզավիճակիցս դժգոհ չեմ: Այժմ գլխավոր նպատակն առաջիկա Եվրոպայի առաջնությանը և, բնականաբար, Օլիմպիական խաղերին հնարավորինս լավ պատրաստվելն է: Նախատեսված է հավաք Վրաստանում, ինչին կհաջորդի ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Եթե անգամ համավարակով պայմանավորված՝ մրցաշարերը կրկին հետաձգվեն, կաշխատենք մեր մարզումային ծրագրերից չշեղվել»:

Աղջիկների բազմամարտում Հայաստանի չեմպիոնուհու կոչումը նվաճել է Աննա Գրիգորյանը (48.8), երկրորդ տեղում Ինեսա Ջաղինյանն է (46.5), երրորդում՝ Մանե Պողոսյանը (44.0):

Առանձին գործիքների եզրափակիչներում մրցանակակիր են դարձել հետևյալ մարզիկ-մարզուհիները.

Առանձին գործիքներտղաներ

Ազատ վարժություն

  1. Արթուր Դավթյան
  2. Գագիկ Խաչիկյան
  3. Նորայր Հովհաննիսյան

Հենացատկ

  1. Արթուր Դավթյան
  2. Արմեն Պետրոսյան
  3. Դավիթ Պետրոսյան

Նժույգթափեր

  1. Հարություն Մերդինյան
  2. Արթուր Դավթյան
  3. Մամիկոն Խաչատրյան

Զուգափայտ

  1. Արթուր Դավթյան
  2. Գագիկ Խաչիկյան
  3. Արմեն Պետրոսյան

Օղակներ

  1. Արթուր Ավետիսյան
  2. Վահագն Դավթյան
  3. Արթուր Դավթյան

Պտտաձող

  1. Գագիկ Խաչիկյան
  2. Արթուր Դավթյան
  3. Սամվել Զաիմցյան

Առանձին գործիքներաղջիկներ

Հենացատկ

  1. Աննա Գրիգորյան
  2. Մանե Պողոսյան
  3. Անի Եղիկյան

Հավասարակշռության գերան

  1. Աննա Գրիգորյան
  2. Աննա Մանթաշյան
  3. Ինեսա Ջաղինյան

Զուգափայտ

  1. Աննա Գրիգորյան
  2. Մանե Պողոսյան
  3. Տաթևիկ Սուքիասյան

Ազատ վարժություն

  1. Ինեսա Ջաղինյան
  2. Աննա Գրիգորյան
  3. Աննա Մանթաշյան

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth