Շնորհակալագրեր՝ գյումրեցի ծանրորդներին ու մարզիչներին

Շնորհակալագրեր՝ գյումրեցի ծանրորդներին ու մարզիչներին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել, շնորհակալագրեր ու հուշանվերներ է հանձնել Եվրոպայի 2021 թվականի առաջնության մասնակից ծանրորդներին, նրանց մարզիչներին ու մարզական կազմակերպությունների ղեկավարներին։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նրանց այս կարևոր մարզական առաջնությունում հիանալի արդյունքներ ցուցաբերելու առթիվ՝ Հովհաննես Հարությունյանը նշել է․ «Ձեր հաղթանակը ոչ միայն ձեր ու մեր մարզինն է, այլև Հայաստանի Հանրապետությանն ու մեր հայ ժողովրդինը, որովհետև բոլորս էինք սրտատրոփ սպասում ձեր հաջողությանն ու մեդալներին, իսկ երբ մեր եռագույնն էր ծածանվում ամենաբարձրում և հնչում էր մեր հիմնը՝ երջանկության արցունքների հետ հպարտություն ու խինդ էինք զգում, հաղթանակի խինդ, որի կարիքը բոլորս ունենք։ Ձեր ամեն մի հաջողությամբ մենք ևս մեկ անգամ լցվում ենք հավատով, որ մեր երկիրը շտկելու է մեջքը, քայլելու է առաջ՝ հաղթանակներով ու հաջողություններով։ Մենք հպարտ ենք ձեզանով։ Ձեր բազկին՝ ուժ, ձեզ՝ նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ եմ մաղթում»։

Հովհաննես Հարությունյանը վստահեցրել է, որ մարզիկներին հետաքրքրող հարցերն ու մտահոգությունները պատկան մարմինների ուշադրության կենտրոնում են, մարզպետը լսել է նրանց, հետաքրքրվել առաջիկա անելիքներով ու մոտ ապագայում կայանալիք մրցաշարերով։

Մարզիչներն ու մարզիկները շնորհակալություն են հայտնել մարզպետին ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար և նշել, որ իրենց իսկապես ոգևորում է, երբ պաշտոնյաներն են կարևորում իրենց վաստակն ու աշխատանքը։

«Պարոն Հարությունյան շնորհակալ ենք, որ մեր ծանր աշխատանքը կարևորում եք, ցանկացած մարզիկի համար շատ ոգևորող է, երբ իր գործն անուշադրության չի մատնվում, մենք էլ մեր կողմից վստահեցնում ենք՝ կանենք ամեն հնարավորը նոր բարձունքներ նվաճելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար»,- նշել է ծանրամարտի Եվրոպայի 2021 թվականի առաջնության ոսկե մեդալակիր Սամվել Գասպարյանը։

Նշենք, որ շիրակցի մարզիկները 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով վերադարձան հայրենի քաղաք։ 1992-2021 թվականների ընթացքում շիրակցի ծանրամարտիկները տարբեր առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 174 մեդալներ, որից 60-ը՝ ոսկե, 70-ը՝ արծաթե, 44-ը արծաթե մեդալ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth