Մի սև խաղալիք մեր տոնածառին

Մի սև խաղալիք մեր տոնածառին

«Կարմիր խաչ« կրող արևմտյան ծեր պապիկի ամանորյա նվերը գյումրեցի տասնյակ ընտանիքներին:

Երկու հազար քսան թվականի ամանորը գյումրեցի մի քանի տասնյակ ընտանիքներ հավանաբար երկար ժամանակ դեռ կհիշեն, տարվա սկիզբը նրանց համար կնշանավորվի գործազրկությամբ։ Խոսքս Գյումրու տուն ինտերնատի մոտ յոթանասուն աշխատակիցներից հավանաբար մեծամասնության մասին է։ Օրերս տուն ինտերնատ էր այցելել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի գլխավորությամբ, ով տուն ինտերնատի աշխատակիցներին հայտնել էր, որ տուն ինտերնատը որպես ՊՈԱԿ լուծարվելու է, իսկ շահառուների խնամքը հունվարի մեկից մրցույթով պատվիրակվելու է որևէ հասարակական կազմակերպության: Արդեն հաջորդ օրը տնօրենի պաշտոնակատարին հանձնարարական է եկել, որպեսզի աշխատակիցներին ծանուցեն աշխատանքային պայմանագրերի հնարավոր լուծարման, կամ աշխատանքային պամանների փոփոխման մասին։

Ասեմ, որ ծրագրի գաղափարը նոր չէ, այն մշակվել է դեռևս նախկին իշխանությունների ժամանակ, այդ մասին տուն ինտերնատի աշխատակիցներին ասել էր նաև փոխնախարար Գասպարյանը: Երևի հենց դրա համար ծրագիրն իրականություն դարձնելու ճանապարհին ներկա իշխանությունը օգտվում է իր կողմից մերժվածների գործելաոճից:

Իսկ գործելաոճի նմանությունները բավական ցցուն են: Իշխանությունը պատրաստ չէ լսել առողջ քննադատություն, ցանկացած այլ կարծիք վերագրվում է որպես անգրագիտություն, իսկ քննադատությունը վերագրվում որպես ուղղորդված, պետության զարգացումն արգելակող, հակապետական գործողություն։ Ուղղակի նախկին իշխանությունն ընդդիմախոսներին անվանում էր արևմտյան գրանտակեր գործակալներ, իսկ ներկա իշխանությունը՝ հակահեղափոխականներ: Նախկինների գործելաոճի կրկնության օրինակ է նաև այն, որ չնայած դեռ տուն ինտերնատի գործառույթները հասարակական կազմակերպություններին պատվիրակումը կատարվելու է մրցույթային կարգով, արդեն բոլորը գիտեն, որ մրցույթը հաղթելու է «Կարմիր խաչ« կազմակերպությունը:

Այսինքն մրցույթն անց է կացվելու ճիշտ այնպես, ինչպես նախկին իշխանությունների տարիներին կազմակերպվող մրցույթները՝ կրելու է զուտ ֆորմալ բնույթ, ու հենց դրա համար, երբ տուն ինտերնատի աշխատակիցները պարոն Գասպարյանին հայտնեցին որպես ՀԿ կազմակերպվելու ու մրցույթին մասնակցելու մասին, պարոն Գասպարյանը հեգնական պատասխանեց․«Ժամանակ ունեք, կհասցնեք…»

Ինչևիցե..․ ամեն դեպքում ծրագիրը պիլոտային է՝ փորձնական, արդյունքները կարելի է միայն կանխատեսել, իսկ հաշվի առնելով բազմաթիվ պիլոտային այլ ծրագրերի փորձը ու գործելաոճը, մնում է միայն հուսալ:

Իսկ վստահ կարող ենք արձանագրել մեկ արդյունք․ նոր տարին գյումրեցի տասնյակ բնակիչներ կդիմավորեն գործազուրկի կարգավիճակով:

wp-apeth