Կորոնավիրուսն ու հայկական ֆուտբոլը. Ինչպե՞ս է ՀՖՖ-ն օգնելու ակումբներին կամ օգնելո՞ւ է արդյոք

Կորոնավիրուսն ու հայկական ֆուտբոլը. Ինչպե՞ս է ՀՖՖ-ն օգնելու ակումբներին կամ օգնելո՞ւ է արդյոք

Համաճարակի պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր մարզական միջոցառումները ու դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Մրցաշարերի ու առաջնությունների կազմակերպիչներն այս ընթացքում դիտարկում են հնարավոր բոլոր տարբերակները ամենաօպտիմալ լուծումները գտնելու և իրավիճակից քիչ կորուստներով դուրս գալու համար:

Կորուստներ լինելու են միանշանակ ու շոշափելի, սակայն հարցն այն է, թե ինչ մեխանիզմներ են մշակվելու ապագայի հետ կապված: Սպորտային, մասնավորապես ֆուտբոլային աշխարհը կանգնած է լուրջ խնդրի առաջ ու արդեն հիմա պարզ է, որ այնպես, ինչպես ամիսներ առաջ էր՝ չի լինելու:

Իր ունեցած խնդիրներով հանդերձ՝ այս ամենի մեջ է թաթախված նաև հայկական ֆուտբոլը: Մինչև թագաձև վիրուսի ի հայտ գալն էլ մեր ֆուտբոլը շատ հարցերում մեկուսացածի կարգավիճակում էր ու այս առումով կարելի է ասել շատ երկրներից ավելի նախընտրելի դիրքում ենք, սակայն եթե հաշվի ենք առնում ընդհանուր պատկերը, ապա աննախանձելի վիճակում ենք:

Համաշխարհային ֆուտբոլում վաղուց սկսել են հաշվել կրած ու սպասվող կորուստները, ակումբները կանգնած են փաստի առաջ, ֆուտբոլիստները, մարզիչները՝ նույնպես: Խոշորագույն աուդիտորական ընկերություններից շատերն արդեն հայտնում են թվերի մասին, որոնք կկորցնեն եվրոպական առաջատար լիգաները, եթե իրադարձությունները զարգանան ամենավատ սցենարով: Եվրոպական ակումբները ամենաշատը վաստակում են հեռուստահեռարձակումներից, տոմսերի վաճառքից ու հովանավորչական պայմանագրերից: Ստացվում է՝ եթե խաղեր չեն անցկացվում, ապա ակումբները զրկվում են ֆինանսական հոսքերից: Տարբեր հաշվարկներով Անգլիայի Պրեմիեր լիգան կարող է կորցնել մեկ միլիարդ եվրոյից ավելի, իսպանական  Լա Լիգան՝ մոտ մեկ միլիարդ, իտալական Սերիա «A»-ն մոտ 800 միլիոն, գերմանական Բունդեսլիգան՝ մոտ 750 միլիոն, ֆրանսիական Լիգա 1-ը՝ մոտ 400 միլիոն եվրո: Ընդհանուր հաշվով ստացվում է չորս միլիարդից ավելի գումար:

Առաջնություններում հայտարարված դադարն, իրոք, մեծ հարված է հասցրել ակումբներին և թերևս մատների վրա կարելի է հաշվել ակումբների, որոնք կարող են իրենց թույլ տալ վճարել իրենց ֆուտբոլիստների ու մնացած անձնակազմի աշխատավարձերն ըստ գործող պայմանագրերի:  Նույն Իտալիայում, որը կորոնավիրուսից տուժած երկրների առաջատար քառյակում է, չի բացառվում, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու որոշում կկայացնեն: Ըստ իտալական մամուլի՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է ակումբներին ֆինանսական կորուստները հասցնել նվազագույնին նշված ճանապարհով: Խաղացողների աշխատավարձերը, որոնք ստանում են 1,5 միլիոնից ավելի, կարող են կրճատել 30 տոկոսով, մնացածի դեպքում՝ 15 տոկոսով: Ֆուտբոլիստներից շատերն իհարկե դեմ են: Օրինակ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում» կազմում էտարեկան 31 միլիոն եվրո: Եթե թիվը կրճատելու որոշում լինի, ապա պորտուգալացին կկորցնի մոտ 10 միլիոն եվրո:

Եվրոպական շատ ակումբներ արդեն կրճատել են իրենց աշխատակիցներից շատերին, Անգլիայում փորձում են հասկանալ, թե ինչպես են լուծելու նրանց հարցը, որոնք գործազուրկ են մնացել այս ընթացքում: Խոսքը վերաբերում է մարզադաշտերի սպասարկող անձնակազմին, հրահանգիչներին, բժիշկներին և այլն:  Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, օրինակ, որ հսկայական կորուստներ կարող է կրել կատալոնական «Բարսելոնան»: Marca պարբերականը նշել է, որ կատալոնացիները առաջիկա ամիսներին կկորցնեն մոտ 100 միլիոն եվրո: Հատկանշական է, որ, ըստ աղբյուրի, նշված թիվը կարող է աճել ևս 22-25 միլիոն եվրոյով, եթե Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը չվերսկսվի: Ի դեպ, ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» կարող է դառնալ առաջին ակումբը, որին սպառնում է սնանկություն:

Ու սա դեռ ոչ լրիվ պատկերն է, որը տիրում է համաշխարհային ֆուտբոլում և եթե նման վիճակում են հայտնվել եվրոպական գրանդները, ապա ավելորդ է խոսել հայկական ակումբների մասին: Ճիշտ է, մերոնք միլիոններ չէին վաստակում հեռարձակումներից, տոմսերից ու հովանավորներից, բայց գոնե իրենց գոյությունը պահում էին սեփականատերերի ունեցած բիզնեսների ու ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարների հաշվին: Կորոնավիրուսի պատճառով շատ ոլորտներ այսօր կաթվածահար վիճակում են, հետևաբար այն խփում է նաև ակումբների սեփականատերերի գրպանին և հուսալ, որ ՈւԵՖԱ-ի ստացած գումարներով հնարավոր է երկար ձգել, մի փոքր անիրատեսական է:

Այս ֆոնին զարմանալի է, թե ինչպես է դիրքավորվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայտարարված արտակարգ դրությանը զուգահեռ երկրի ֆուտբոլային կառույցն առաջնությունը դադարեցնելու որոշում ընդունեց: Այն կարծես ընդունվեց բոլորի կողմից, սակայն շատերը սպասում էին, որ դրան կհետևեն նաև քայլեր՝ ուղղված հնարավոր կորուստները նվազագույնին հասցնելուն:  Փոխարենը լռություն, որը խախտվեց երկու հայտարարությամբ, որը վերաբերում էր ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներին, որոնք հասել են հայկական ակումբներին ու մի շարք կարևոր հարցերին, որոնք քննարկվել են Գործկոմի հերթական նիստում:

Հետաքրքիր էր հատկապես ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներին վերաբերող հայտարարությունը, որը հրապարակվեց այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան իր էջում քննադատական գրառում կատարեց Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը: Վերջինս, մասնավորապես, նշել էր որ համաճարակի պայմաններում տարբեր երկրներ յուրօրինակ մոտեցում են ցուցաբերում ակումբներին ցնցումներից զերծ պահելու համար և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ճգնաժամի նախօրեին պետք է մտածեր և վերլուծեր ծանր իրավիճակը, այլ ոչ թե առաջնությունը հետաձգելուց ժամեր առաջ պայմանագիր ստորագրեր իսպանացի Խոակին Կապարոսի հետ:  Գրիգորյանը հավելել է, որ հիմա ՀՖՖ-ն պետք է առնվազն 6-7 ամիս մարզչին աշխատավարձ վճարի միայն պարապուրդի համար։

— Սրան գումարած Խինես Մելենդես, Անտոնիո Ֆլորես, Ռուբեն Լեսկանո, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը և նրա օգնականը, որոնք գտնվում են իրենց երկրներում։ Նման շռայլություն մեր երկիրը իրեն թույլ տալ չի կարող,- նկատել էր «Լոռիի» սեփականատերը և առաջարկել մարտի 15-ից սկսած, մինչև իրավիճակի կարգավորումը, վերոհիշյալ մասնագետների աշխատավարձը սառեցնել կամ վճարել 20 տոկոսը, իսկ խնայած գումարը օգտագործել երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքների համար։

Թե ինչքանով է Գրիգորյանի առաջարկը իրատեսական ու ինչպես է այդ հարցը կարգավորվելու, ցույց կտա ժամանակը, սակայն այն, որ լուծումներ պետք է գտնել՝ փաստ է:

Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։ ՀՖՖ նախագահը հայտնել է նաև, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։

Մինչ ֆեդերացիան աշխատում է, ինչպես պնդում է կառույցի պաշտոնական կայքը, փորձենք հասկանալ թե ինչ հնարավոր տարբերակներ կան երկրի ֆուտբոլային ընտանիքի կարիքները հոգալու համար ու արդյոք ֆեդերացիան կարող է այդ հարցում ցուցաբերել իր աջակցությունը:

Ճգնաժամի պայմաններում խոսքն առաջին հերթին կարող է գնալ ունեցածը գոնե չկորցնելու և լրացուցիչ ֆինանսական աջակցության մասին: Արդյոք ֆեդերացիան ունի նման միջոցներ, շատ բարդ հարց է՝ ելնելով ծախսերից, որոնք այս ընթացքում թույլ է տվել կառույցը՝ սկսած արտասահմանցի մասնագետների հանդեպ ունեցած պարտավորություններից մինչև նորաստեղծ հավաքականներ:

Կարելի է ենթադրել, որ ֆեդերացիան չունի շատ միջոցներ նման քայլ անելու համար կամ չի պատրաստվում նման քայլ անել՝ ելնելով առաջին հերթին հայտարարությունից՝ կապված ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարների հետ: Ասել է, թե մեզանից ինչ անցնում էր՝ արել ենք: Մյուս կողմից այսպես թե այնպես այդ գումարները միշտ հասել են ու հասնելու էին ակումբներին՝ անկախ համաճարակից: Խոսքը հիմա լրացուցիչ աջակցության մասին է, որը կօգնի նվազագույն կորուստներով հաղթահարել ճգնաժամը:

Օրինակ ֆեդերացիան կարող է որոշակի ֆինանսական օգնություն ցուցաբերել ակումբներին՝ օգտվելով նրանից, որ ազգային ընտրանու մասնակցությամբ խաղերը հետաձգվեցին: Գումարները, որոնք պետք է ուղվեին վերոհիշյալ ընկերականներին ներկայանալու համար, կարելի է բաշխել ակումբների միջև: Կարելի է նաև բյուջեի վերաբաշխում անել, եթե իհարկե դրանից ինչ-որ բան մնացել է, և առկա միջոցներն ուղղել օրվա մարտահրավերներին դիմակայելու համար: Կգնա արդյոք նման քայլի ֆեդերացիան կրկին դժվար է ասել, բայց ոչ ստանդարտ իրավիճակը ենթադրում է նաև ոչ ստանդարտ լուծումներ, հետևաբար կարելի է նաև որոշ զոհաբերությունների գնալ:

Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

wp-apeth