Ճգնաժամ. Կործանու՞մ, թե՞ նոր հնարավորությունների սկիզբ

Ճգնաժամ. Կործանու՞մ, թե՞ նոր հնարավորությունների սկիզբ

Ամբողջ մարդկությունն այս օրերին բախվել է այնպիսի խնդիրների, որոնց լուծման համար միայն բարի կամքը կամ համառությունը բավարար չեն։ Ժամանակակից աշխարհը կանգնել է որակական ու խորքային նոր փոփոխությունների անհրաժեշտության առաջ, իսկ թե ինչ պետք է փոխել ու ինչպես, քչերը գիտեն։

Այն պետությունները, որոնք ճիշտ կվերլուծեն ստեղծված իրավիճակը, կունենան բավարար կամք՝ փոխվելու ժամանակի պահանջների հրամայականով, գնալու ցավալի ռեֆորմների ու փոփոխությունների, հենց նրանք էլ կլինեն ապագա աշխարհի առաջատարները։ Այդ վերլուծությունները չեն կարող լինել սոցիալական ցանցերի նշաձողի տիրույթում, մեզ անհրաժեշտ է գիտական լուրջ աշխատանք ու ըստ այդմ հստակ գործողությունների ծրագիր։ Ազգային Արժեք Ակումբը, լինելով ուղեղային կենտրոն, իր համեստ աջակցությունն է բերելու մեր պետականությանը՝ այդ ծանր ու պատասխանատու աշխատանքը մասամբ նաև իր ուսերին վերցնելով։ Գյումրու Ազգային Արժեք ակումբը սկսել է գիտատեսական վերլուծությունների շարք, որը ներկայացնում ենք ստորև:

Ժամանակակից աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ: Ակնհայտ է, որ այդ փոփոխությունների տեսանելի հատվածն արտահայտվեց COVID-19 (coronavirus-թագաժահր) համավարակի պայմաններում և էլ ավելի է ընդգծվելու հետհամավարակային Աշխարհում: Սակայն, մեր կարծիքով համավարակը միայն առիթն էր ճգնաժամի արտահայտման, բայց ոչ երբեք՝ պատճառը: Այսինքն, ներկա ճգնաժամի, որն ապագայում անխուսափելիորեն խորանալու է, պատճառը ոչ թե համավարակն է, այլ ընդհակառակը՝ մարդկության զարգացման ներկա հանգրվանն է պատճառ՝ համավարակի միջոցով ճգնաժամի առաջացման: Այս պնդումը համարենք գիտական վարկած-հիպոթեզ, որի ապացուցման համար կհիմնվենք քաղաքակրթական մոտեցման վրա: Ըստ ակադ. Լ Վալեսյանի՝ հիպոթեզը (վարկածը) տրամաբանական դատողությունների արդյունքում ստացված եզրակացությունների, հետևությունների համակարգն է, որի միջոցով մի շարք առկա և սպասվող փաստերի հիման վրա հետևություն է արվում օբյեկտի, երևույթի գոյության, պատճառների, կապերի, ինչպես նաև զարգացման ուղղությունների և ապագայի մասին: Նկատենք, որ հիպոթեզ՝ վարկածի անհրաժեշտությունը ծագում է այն ժամանակ, երբ կյանքը պահանջ է առաջադրում բացահայտել կատարված կամ ներկայում կատարվող երևույթի կապերն ու պատճառները և անցյալի ու ներկայի հայտնի հատկանիշների հիման վրա անել եզրակացություն երևույթի ապագա զարգացման հնարավոր ուղղության մասին:

Աշխարհի ապագայի նկատմամբ քաղաքակրթական մոտեցման կիրառման հիմքով, կանխատեսվում է, որ մարդկությունը մոտենում է քաղաքակրթական եռաչափ ճգնաժամերի հանգրվանին: Այն պայմանավորված է քաղաքակրթությունների (համամարդկային, համաշխարհային և լոկալ) կյանքի ցիկլային շարժընթացների հանգրվանային ընթացքով և վերջիններիս համադրմամբ: Ըստ այդմ, հանրային դիսկուրսի համար առանձնացնենք մի քանի կարևոր կետեր:

Նկատենք նաև, որ հասարակական համակարգերի ցիկլային շարժընթացի մասին տեսությունները հանդիսանում են գիտական ժամանակակից հետազոտությունների կարևորագույն ուղղություններից մեկը: Ցիկլիզմի գիատական ժամանակակից դպրոցը ներկայացված է Յա. Հերդերենի, Ն. Դ. Կոնդրատևի, Պ. Ա. Սորոկինի, Ա. Ա. Բոգդանովի, Ֆ. Բրոդելի, Ու. Միտչելի, Ի. Շումպետերի, Յու. Յակովեցի աշխատություններով:

Ընդհանրացնելով առկա մոտեցումները՝ հասարակական համակարգերի ցիկլային շարժընթացի համար կարող ենք առանձնացնել հետևյալ օրինաչափությունները.

Ա. Ցիկլային շարժընթացը հանդիսանում է հասարակական համակարգերի զարգացման համընդհանուր ձև:

Հասարակության մեջ չկա որևէ համակարգ-համակեցության ձև, որ ենթակա չլինի շարժընթացի ցիկլային օրինաչափություններին: Նրանց բոլորի ընթացքին հատուկ է կյանքի ցիկլը՝ որպես մեկ ամբողջություն:

Ճգնաժամից հետո համակարգը կամ անցում է կատարում պարուրաձև (սպիրալաձև) զարգացման հաջորդ գալարին՝ վերածնվելով սկսում է սեփական ընթացքի նոր ցիկլ, կամ մնում է ռելիկտային զարգացման տրամաբանության մեջ՝ լճանում է և նույնիսկ մահանում՝ տեղը զիջելով նոր համակարգերի: Ընդ որում, համակեցության յուրաքանչյուր տիպի շարժընթաց ենթարկվում է առավել բարձր միավորի ազդեցությանը, որտեղ տիրապետում է որոշակիություն: Մասնավորապես, հասարակական համակարգի կյանքի ցիկլի յուրաքանչյուր փուլում սպառվում է առաջնային ենթահամակարգի՝ անմիջական ենթակա ցածր միավորի, ամբողջական կյանքի ցիկլ: Այսինքն, համակարգերի ցիկլային շարժընթացը իրացվում է համապատասխան փուլերի հերթափոխմամբ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ավելի ցածր միավորի կյանքի ամբողջական ցիկլ:

Ցիկլերը և նրանց փուլերը փոխազդում են և՛ տարածականորեն (փոխկապակցված տարածքային համակարգերում՝ երկրներ, քաղաքակրթություններ), և՛ մարդկային կենսագործունեության ոլորտներում (սոցիալ-տնտեսական, քաղաքական, հոգևոր-մշակութային, երկրաբնապահապանական):

Մասնագետներն այդ փոխազդեցությունների դրսևորման երեք հիմնական ձև են առանձնացնում՝

  • 1. Ռեզոնանսային – Այսպիսի փոխազդեցությունը մեծացնում է ցիկլի փուլերի տատանումները: Պետք է նկատել, որ այս պարագայում առավել խորությամբ և մեծ տևողությամբ է արտահայտվում նաև ճգնաժամային փուլը:
  • 2. Խլացնող – Փոխազդեցության հակառակ արդյունք է ապահովում, երբ նվազում են տատանումները: Այս պարագայում մեղմվում են նաև ճգնաժամային երևույթների ազդեցության հետևանքները:
  • 3. Ապակառուցող – Փոխազդեցության այնպիսի դրսևորումն է, երբ խախտում է ցիկլի կառուցվածքը և դադարում է նրա բնականոն ընթացքը (օրինակ՝ պատերազմներ, համաճարակներ, տարերային աղետներ):

Բ. Հասարակական համակարգերի կյանքի ցիկլերը ու դրանց փուլերը ճանաչելի և կանխատեսելի են:

Ի տարբերություն բնական փակ համակարգերի, հասարակական բաց համակարգերի պարագայում շարժընթացի ցիկլայնությունը թեև չափելի է, բայց չունի հստակ մաթեմատիկական բնորոշում: Հասարակական համակարգերի զարգացման հետագծի վրա ազդում են տարբեր, այդ թվում և՛ պատահական գործոններ:

Հետևաբար, հասարակական համակարգերի ցիկլային շարժընթացի օրինաչափությունները հանդես են գալիս որպես միտումներ, հաճախակի են ենթարկվում անակնկալ շեղումների և առավել դժվար կանխատեսելի են, քան բնական համակարգերը: Այսինքն, գոյություն չունի համընդհանուր միատարրություն և դրանց տևողությունն ու պարբերականությունը հնարավոր չէ որոշել մաթեմատիկական կոշտ բանաձևերի միջոցով: Նրանց շարժընթացներում չկան համընդհանուր շաբլոններ, ստանդարտ մեծություններ: Յուրաքանչյուր ցիկլի ինքնատիպությունն արտահայտվում է այդ համակարգը սպասարկող գործոնների յուրահատկությամբ, ցիկլի փուլերի ինքնատիպ տևողությամբ, ինչպես նաև ճգնաժամերի խորության ու հասցված հետևանքների յուրահատուկ ազդեցությամբ:

Միևնույն ժամանակ, այդ բազմազանության մեջ նկատելի են ընդհանուր գծեր և միտումներ: Դա հնարավորություն է տալիս ցիկլերը և ճգնաժամերը որակավորել և խմբավորել, բացահայտել նրանց շարժընթացի օրինաչափությունները և ամենակարևորը` հնարավոր է դառնում առավել կամ նվազ հուսալիությամբ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով կանխատեսել ցիկլերի տատանումներն ու ճգնաժամային ցնցումները: Իսկ դա իր հերթին հնարավոր է դարձնում ախտորոշել կոնկրետ ճգնաժամի, ցիկլերի կոնկրետ փուլի բնույթը, կառուցվածքը, տևողությունը և հետևանքները: Որպես արդյունք հասա-րակությունը հնարավորություն է ստանում ընդունել համապատասխան որոշումներ, այնպես որ ալիքի վերելքի կուլմինացիայում թույլ չտրվի համակարգի «գերտաքացում» և դժվար, բայց անխուսափելի ճգնաժամային ալիքի անցում՝ որքան հնարավոր է կարճ ժամկետում ու նվազագույն կորուստներով:

Ցիկլերի և ճգնաժամերի կանխատեսումը համարվում է հասարակական գիտությունների առավել թույլ զարգացած ուղղություններից մեկը: Այնուամենայնիվ այս խնդրի լուծման համար ձևավորված է և՛ անհրաժեշտ հասարակական պահանջ, և՛ գիտության հասունության համապատասխան աստիճան:

Շարունակելի

Ազգային Արժեք ակումբ

wp-apeth