«Փյունիկը»՝ Գոռ Մալաքյանի ձերբակալության մասին

«Փյունիկը»՝ Գոռ Մալաքյանի ձերբակալության մասին

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները: Գոռ Մալաքյանը հանդիսանում է Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ: Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել:

«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։ Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։ Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։ «Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»,- նշված է հայտարարությունում:

Հավելենք, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից, քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 316.

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը

1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 258.

Խուլիգանությունը

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth