Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի

Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի

Գյումրին ունենալու է իր բնույթով  եզակի  Բարեկամության  այգի:  Սմարթ  լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից:

Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց  Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝  ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի:

Հայտնի են Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի մշակման մրցույթի եզրափակչի 20 մասնակիցը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը ս.թ. հուլիսին նախաձեռնեց Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ: Մրցույթն անցկացվում է այգու համալիր զարգացման ծրագրի շրջանակում՝ բացահայտելով քաղաքի ինքնատիպությունն ու միջազգային փոխօգնության գաղափարը: Առաջին փուլի արդյունքներով՝ ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի, ովքեր այս բարի նախաձեռնության մաս կկազմեն:

Հայտերն ընդունվել են 2020 թ. հուլիսի 1-29-ը: Ընդհանուր առմամբ արձանագրվել է 233 գրանցում, ուղարկվել է 84 հայտ 16 երկրից և 37 քաղաքից՝ ներառյալ Երևանը, Լոս-Անջելեսը, Մոնտեվիդեոն, Դյուսելդորֆը, Մյունխենը, Թեհրանը, Ստոկհոլմը, Վիլնյուսը, Միլանը և Վենեցիան: Ակտիվ մասնակցություն են ունեցել լոկալ ճարտարապետները, որոնց թվում եղել է 2 կոնսորցիում: Եզրափակչի մասնակիցների ընտրությունը կատարվել է մասնագիտական ժյուրիի առցանց քվեարկության միջոցով: Մասնակիցների գնահատման չափորոշիչներն են եղել նախագծման մոտեցումների և սկզբունքների արդիականությունը,  Հայաստանի մշակութային համատեքստում ժամանակակից լուծումների ադապտիվության գաղափարները, նմանատիպ մասշտաբի նախագծերի մշակման և իրագործման փորձը:  Եզրափակչի մասնակիցների ամբողջական ցանկը հասանելի է ստորև:

Մասնագիտական ժյուրիի կազմում  էին «Ատլաս» խորհրդատվական բյուրոյի գլխավոր տնօրեն Ալեքսանդրա Սիտնիկովան, ճարտարապետ և հետազոտող Անդրեյ Իվանովը, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Karres en Brands ճարտարապետական բյուրոյի գործընկեր Դարիուս Ռեզնեկը, Openfabric լանդշաֆտային բյուրոյի համահիմնադիր Ֆրանչեսկո Գարոֆալոն, OFFCON բյուրոյի գլխավոր ճարտարապետ և գործընկեր Ֆյոդոր Ռաշևսկին, Glaßer und Dagenbach GBR բյուրոյի համահիմնադիր և լանդշաֆտային ճարտարապետ Ուդո Դագենբախը, ՀՀ Շիրակի մարզպետի օգնական Էմմա Բաղդասարյանը, Թաթարստանի Հանրապետության նախագահի օգնական Նատալիա Ֆիշման Բեկմամբետովան և  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի Գործառնությունների տնօրեն Ելենա Աբովյանը:

Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջադրանք, որը կներառի անհրաժեշտ տեղեկատվություն ապագա օբյեկտների նախագծման համատեքստի և դրանց տեխնիկական պահանջների մասին: Երկրորդ փուլի արդյունքներով՝ ժյուրին կընտրի հաղթողներին 3 անվանակարգում. ճարտարապետական փոքր ձևեր (այգու նստարանների դիզայն), ստանդարտ ճարտարապետական տարրեր (ցուցահանդես-տոնավաճառի տաղավարի դիզայն), յուրօրինակ ճարտարապետական տարր (այգեգործության դպրոցի տաղավարի դիզայն):

2020 թ.-ի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայն-նախագիծը: Ճարտարապետները կիրագործեն իրենց նախագծերը Գյումրիի նոր հանրային տարածքում՝ համալրելով նոր այգու դիզայն-նախագիծը ռեկրեացիոն ենթակառուցվածքի յուրօրինակ օբյեկտներով: Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ արտասահմանցի զբոսաշրջիկների համար ավելի հայտնի դարձող Գյումրիում:

Գյումրիի Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթի եզրափակչի 20 մասնակիցների անունները.

  • 1. Մալիկովի ճարտարապետական բյուրո (Տվեր-Սանկտ-Պետերբուրգ-Իժևսկ-Կազան-Սիմֆերոպոլ, Ռուսաստան)
  • 2. UTRO բյուրո (Մոսկվա, Ռուսաստան)
  • 3. Կոնսորցիում. «Պրավդա» բյուրո, Արթուր Ավագյան և Դիանա Սարդարյան (Մոսկվա, Ռուսաստան-Երևան, Հայաստան)
  • 4. Կոնսորցիում. Design Unit 4 + Zeitplan (Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան)
  • 5. Slava + PROCESS (Մոսկվա, Ռուսաստան)
  • 6. Ալան Դզիբիլով (Մյունխեն, Գերմանիա)
  • 7. Architect MG (Կազան, Ռուսաստան)
  • 8. GIAA ճարտարապետական ասոցիացիա (Երևան, Հայաստան)
  • 9. IND architects (Մոսկվա, Ռուսաստան)
  • 10. Map Studio, Magnani Pelzel Architetti Associati (Վենեցիա, Իտալիա)
  • 11. Nefa Architects (Մոսկվա, Ռուսաստան)
  • 12. NOYD collab (Մոսկվա, Ռուսաստան)
  • 13. SAGA (Մոսկվա, Ռուսաստան)
  • 14. SKNYPL (Մոսկվա, Ռուսաստան)
  • 15. SNKH STUDIO (Երևան, Հայաստան)
  • 16. STO—DA (Բոստոն, ԱՄՆ-Շտուտգարտ, Գերմանիա)
  • 17. STORAKET (Երևան, Հայաստան)
  • 18. SULIMAN, RAKOVSKAYA & SOFOYAN (Մոսկվա, Ռուսաստան-Երևան, Հայաստան)
  • 19. SWAP OFFICE  (Թեհրան, Իրան)
  • 20. UP’GYUMRI (Լիոն, Ֆրանսիա)

2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը. «Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է  լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում: «Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,- Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանի խոսքերը մեջբերել է «Արմենպրեսը»:

Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք:

«Արմենպրեսը» հայտնում է. քանի որ այգու նախագծումն իրականացվելու է քաղաքի բնակիչների ցանկությունն հաշվի առնելով, սեպտեբերի 6-ին, Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչները Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» նկարիչների հետ համատեղ հիշողություններից, լուսանկարներից և կոլաժներից կստեղծեն իրենց թաղամասի «հոգին»: Բնակիչները կկիսվեն իրենց թաղի պատմությունների, նաև Գյումրու տարբեր այգիների, մասնավորապես, Բարեկամության այգու հետ կապված հիշողություններով։ Այնուհետև կստեղծեն յուրաքանչյուր թաղամասի ինքնատիպությունն արտացոլող ցայտաղբյուրների էսքիզներ, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն այգում:

Մինչ այդ հենց այգու տարածքում, ծրագրի ներկայացման շրջանակում, Գյումրու 7-13 տարեկան փոքրիկ բնակիչների համար անցկացվեց  դիզայն-խաղ մանկական խաղահրապարակի մասնակցային նախագծման համար, իսկ 13-30 տարեկան ակտիվ քաղաքացիները մասնակցություն ունեցան  մարզահրապարակի ստեղծման դիզայն-խաղին:

Գյումրու Բարեկամության այգու վերականգման նախագիծն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ՏՈՒՖ) բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2020 թ. հուլիսից ստանձնել և իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այգու վերականգնման աշխատանքների գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ին: Այգու վերականգնումը մաս է կազմում  Գյումրու համալիր զարգացման և վերականգնման ծրագրի, որն իրականացվում է «Հայաստան 2020»  նախաձեռնության շրջանակում:

Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մինչ ծրագրի մեկնարկը Գյումրու «Բարեկամություն» այգին «մաքրվել» է  այնտեղ տեղադրված 24 տնակներից:

wp-apeth