Գյումրիում թալանել են «Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի» տնօրենի աշխատասենյակը

Գյումրիում թալանել են «Գյումրու ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի» տնօրենի աշխատասենյակը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժին ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ առավոտյան, ոստիկանություն է դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Վարազդատ Ավետիսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 14-ի ժամը 17:45-ից մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցում գործող «Գյումրու Լ.Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց»-ի վարչական շենքի պատուհանի ապակին կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ և այնտեղից կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին Վ. Ավետիսյանը, ով նշված մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, հայտնել է, որ գողացել են գումար և մոտ 8 հատ գավաթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth