Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել, ևս մեկը հայտնաբերվել է

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել, ևս մեկը հայտնաբերվել է

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման համատեքստում ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են հետևողականորեն իրականացնել բացատրական աշխատանք, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արդյունքում, Արզնի գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ ու 7․62մմ տրամաչափի 90 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ բերել է Արցախից։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Արտաշատում բնակվող 44-ամյա մի տղամարդ մարզային վարչությունում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, նռնակի պայթուցիչներ, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչփի 300-ից ավելի փամփուշտ։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Միջոցառումները շարունակվում են:

Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ինքնաձիգ է հայտնաբերվել․ երիտասարդը ձերբակալվել է

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին տեղեկություններ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող 29-ամյա մի երիտասարդ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Նույն օրը՝ ժամը 23․20-ին կասկածվողը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ Դատարանի որոշմամբ «Կիան» խուզարկվեց։ Սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth