«Սուզուկին» բախվել է խաղաղապահ զորքերի «Ուրալին». կան զոհեր

«Սուզուկին» բախվել է խաղաղապահ զորքերի «Ուրալին». կան զոհեր

Արցախի Հանրապետության ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ՝ 1976թ.ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993թ.ծնված Օ. Մ.-ի վարած «ՈՒրալ» մակնիշի RUS ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են: Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:

Ավելի վաղ պատահարի մասին հայտնել էր Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:

Անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:
Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային: ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարայի» վարորդը և ուղևորը տեղում մահացել են:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում ենք, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth