Արցախում մինչև տարեվերջ կգործեն բոլոր դպրոցները

Արցախում մինչև տարեվերջ կգործեն բոլոր դպրոցները

Պատերազմի արդյունքում Արցախի գործող 220 դպրոցներից, որոնցից 217-ը պետական էին, 116-ը մնացել են թշնամու վերահսկողության տարածքներում: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, թշնամու վերահսկողության տարածքներում է մնացել Քաշաթաղի շրջանից՝ 52 դպրոց, Մարտակերտի շրջանից՝ 8 դպրոց, Ասկերանի շրջանից՝ 8 դպրոց, Շահումյանի շրջանից՝ 16 դպրոց, Հադրութի շրջանից՝ 29 դպրոց, Մարտունու շրջանից՝ 7 դպրոց և Շուշիի շրջանից՝ 3 դպրոց:

Ընդհանուր այս դպրոցներում հայրենազուրկ դարձած աշակարտների թիվը կազմում է 6000-ից ավելի, որից Շահումյանի շրջանից հայրենազուրկ է դարձել մոտ 739 աշակերտ, Քաշաթաղի շրջանից՝ 2068 աշակերտ, Հադրութի շրջանից՝ 2061 աշակերտ, Շուշիի շրջանից՝ մոտ 600 աշակերտ, Մարտակերտի շրջանից՝ 411 աշակերտ, Մարտունու շրջանից՝ 430 աշակերտ և Ասկերանի շրջանից՝ 350 աշակերտ:

ԿԳՄ նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս Արցախում դպրոց է հաճախում 1191 հայրենազուրկ աշակերտ: Մինչև պատերազմը արցախցի դպրոցականների թիվը կազմում էր 23 հազար 397, ներկայումս դպրոց է հաճախում՝ 11 հազար 580-ը, սակայն, ըստ նախարարի, ամենօրյա դինամիկան ցույց է տալիս, որ կան աճի տեմպեր:

«Պատերազմը, իսկապես, անդասագիրք դպրոց էր բոլորիս համար, և մենք պետք է մեկտեղվենք ու համախմբվենք: Մենք տրոհվելու ո՛չ գաղափարապես, ո՛չ որևէ ասպեկտով իրավունք չունենք: Ուստի, պետք է բոլոր ռեսուրսները միավորել, որպեսզի կարողանանք գրագետ ու ճիշտ քայլերով առաջ ընթանալ»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ նախարարության կողմից ստեղծվել է տվյալների բազա, որտեղ հաշվառվում են հայրենազուրկ դարձած ուսուցիչներին, դպրոցներին սպասարկող ուսումնաօժանդակ և տեխնիկական կազմի աշխատակիցներին:

Նախարարը տեղեկացրել է, որ համապատասխան գրությամբ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ խնդրելով, որ բոլոր այն աշխատողները, ովքեր համատեղության կարգով, իրենց հիմնական աշխատանքից բացի, դպրոցներում ունեն ժամավճարային հիմունքներով հաստիքներ, իրենց ժամաքանակը տան հայրենազուրկ դարձած մեր հայրենակիցներին: Ըստ Լ. Ղարախանյանի՝ Ստեփանակերտի համար 8 և 10 դպրոցներում արդեն իսկ ունենք նման փորձ:

ԿԳՄ նախարարի խոսքով՝ տվյալների բազայում ներկայումս հաշվառված է 189 ուսուցիչ. նրանց մի մասը գտնվում է ՀՀ մարզերում և Երևան քաղաքում, ուստի զուգահեռ աշխատանքներ տարվում են ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբում: Նախարարը վստահեցրել է, որ մաքսիմալ ջանքեր են գործադրվելու նրանց աշխատանքի տեղավորելու համար:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով վնասված կրթական հաստատություններին՝ Լ. Ղարախանյանը նշել է, որ ամենից շատ տուժել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 դպրոցը: Տուժել են նաև Մարտունի քաղաքում գործող 2 դպրոցները, Ասկերանի շրջանի Այգեստան, Շոշ, Մարտունու շրջանի Կաղարծի, Քերթ, Սոս և Մարտակերտ քաղաքի դպրոցները:

Հրետակոծության արդյունքում տուժել են նաև շրջաններում գործող մանկապարտեզներ, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Շոշ, Մարտունու շրջանի Ճարտար, Կարմիր շուկա համայնքների և Մարտունի քաղաքում գործող 2 մանկապարտեզները:

Այս պահին նախարարության կողմից աշխատանքներ են ընթանում վնասված գույքի և տեխնիկայի հաշվառման համար: Օբյեկտիվ պատճառներով դեռևս չեն գործում Մարտունու շրջանի Գիշի, Հերհեր, Մաճկալաշեն, Մուշկապատ, Եմիշճան, Ծովատեղ, Մյուրիշեն, Ճարտարի համար 3, Մարտունիում գործող համար 1 և 2, Ասկերանի շրջանի Այգեստան, Սզնեք, Սառնաղբյուր, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքների դպրոցները:

Ըստ Լ. Ղարախանյանի՝ հիմնական պատճառները կապված են հրետակոծության արդյունքում կրած վնասների և ջեռուցման համակարգում եղած վթարների հետ: Բոլոր դպրոցներում առկա խնդիրները մինչև տարեվերջ կկարգավորվեն, և դրանք կգործեն:

Առայժմ ժամանակավորապես չի գործելու Ստեփանակերտի համար 5 դպրոցը: Այդ դպրոցի աշակերտներին առաջարկվել է կրկին ժամանակավորապես տեղափոխվել Ստեփանակերտի համար 4 և 8 դպրոցներ: Նախարարի խոսքով՝ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե 5-րդ դպրոցը, որպես այդպիսին կլուծարվի, չեն համապատասխանում իրականությանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth