Ռուս խաղաղապահները Հին Թաղերում և Խծաբերդում են. մարտերն այս պահին դադարել են

Ռուս խաղաղապահները Հին Թաղերում և Խծաբերդում են. մարտերն այս պահին դադարել են

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին News.am-ին հայտնել է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ  ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասել է նա:

Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել: Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են գրանցվել Հադրութի շրջանում: «Արմենպրեսի» փոխանցմամբ` այս մասին հաղորդում է ռուսական լրատվամիջոցները։ Աղբյուրի համաձայն՝ ուղիղ հաղորդակցման միջոցներով կողմերին հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանման անհապաղ պահանջ է ներկայացվել:

Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth