Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը

Կայացել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը

Դեկտեմբերի 11-13-ն անցկացվել է արտիստիկ լողի Հայաստանի առաջնությունը, որին այս տարի մասնակցել է 33 մարզուհի: Մրցումային առաջին օրը կայացել է պարտադիր ծրագիրը, որտեղ մասնակիցները կատարել են 4 վարժություն, հաջորդիվ տեղի են ունեցել մենալողի և զուգալողի մրցումները, որոնց արդյունքների հիման վրա էլ կատարվել է պարգևատրումը:

Մենալողի ծրագրով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մերի Մարտոյանը, երկրորդ մրցանակակիր է դարձել Ամալյա Բարիկյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Միլանա Մանախովան: Զուգալողում լավագույն արդյունքը գրանցել է Ամալյա Բարիկյան և Մերի Մարտոյան զույգը, երկրորդ տեղում Անի Բարիկյան և Միլանա Մանախովա զույգն է, իսկ երրորդում՝ Լիլիթ Գևորգյան և Մարի Սահակյան զույգը:

Հարգանքի տուրք մատուցելով պատերազմում զոհվածների հիշատակին՝ առաջնությունն անցկացվել է առանց երաժշտության: Արտիստիկ լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անահիտ Թավրիզյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ մրցումները կազմակերպում են առանց երաժշտության. «Իհարկե, առանց երաժշտության հանդես գալը մասնակիցների համար հավելյալ խոչընդոտներ է առաջացրել, սակայն դրանք չնչին են մեր զինվորների կրած դժվարությունների համեմատ»:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշում է նաև, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մասնակիցների թիվը մեծացել է. «Բարեբախտաբար, մասնակիցների թիվն ավելացել է: Բացի դրանից՝ մեծահասակները չեն թողել մարզաձևը, ինչն ամեն տարի զգացվել է: Մարզական տեսանկյունից աճը նկատելի է: Ցավոք, համավարակով պայմանավորված՝ այս տարի մրցաշարերի չենք մասնակցել, Ծաղկաձորում ունեցել ենք ուսումնամարզական հավաք և այս առաջնությունը: 2021 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններ կան, որոնցից առաջ, եթե համավարակը թույլ տա, կմասնակցենք այլ մրցաշարի»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth