Հին Շենի ապաշրջափակման, հնարավոր գերիների, մնացած բնակավայրերի մասին

Հին Շենի ապաշրջափակման, հնարավոր գերիների, մնացած բնակավայրերի մասին

Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ գերի են վերցրվել հայ զինվորներ՝ հրապարակելով լուսանկար և տեսանյութ: Մասնավորապես նշվում է, դա տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին: Ադրբեջանական ԶԼՄ-ներին հղում անելով՝ այս մասին գրում են նաև տելեգրամ ալիքները, մասնավորապես, Mediaport ալիքը:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ անդրադառնալով հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութերին:

«Հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով վերջին ժամերին տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում ԱՀ պաշտպանության բանակից և առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»«- նշված է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում:

Դեկտեմբերի 14-ին Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր, որ Հադրութի շրջանի  Խծաբերդի և Հին Թաղերի հատվածում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով  շրջափակման  մեջ է  հայտնվել  պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորային, որոնց հետ առայժմ չի հաջողվել  կապ հաստատել և հավելել, որ վերջին անգամ  կապ հաստատելու ժամանակ  պարզ է դարձել, որ նրանցից մեկը վիրավոր է:

«Արցախում  ռուս խաղաղապահների հրամանատարությունը այսօր պետք ճշտի  նրանց կարգավիճակը՝ արդյոք գերի են ընկել,  թե՝ ոչ: Այդ ուղղությամբ նրանք  աշխատանքներ են սկսել:   Ինչ-որ նորություն ունենալու դեպքում  հավելյալ կտեղեկացնենք»,-ասել էր Հայկ Խանումյանը:

Արցախի Նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում, պատասխանելով լրատվամիջոցներում հայտնված տեղեկությանն ըստ որոնց ևս 100 հայ է գերեվարվել, ասել է, որ Պաշտպանության բանակը այդ տեղեկությոնները չի հաստատել, ուստի չի բացառում, որ ադրբեջանական աղբյուրները այդ լուրերը տարածում են դիտավորությամբ՝ լրացուցիչ լարվածություն ստեղծելու համար։

«Մենք, իհարկե, հրատապ ռեժիմով, ուսումնասիրում ենք այդ նյութերը՝ իրավիճակի ամբողջական պատկերը ստանալու համար։ Հավելեմ, որ ենթաշրջանում պաշտպանության բանակն ու ռուս խաղաղապահ զորախումբն ակտիվ աշխատում են լարվածությունը թուլացնելու ու հնարավոր բախումները կանխելու նպատակով,- հավելել է Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ստեղծված լարված իրավիճակին, Պողոսյանն ասել է, որ ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։

«Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը»,- նշել է Պողոսյանը:

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տևական ժամանակ է, ինչ փակել էին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ։ Տեղեկություն ստացվեց նաև, որ ադրբեջանցիները 12 ժամ են տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար։

«Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ»,- ասել է Պողոսյանը:

Ավելի վաղ Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։

Ավելի ուշ  ընդդիմադիր Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրել է, որ Շիրակի մարզի մոտ 20 պաշտոնյաներ, որոնք կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը, Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտակայքում 3 օր է՝ հայտնվել են շրջափակման մեջ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth