Աշխատանքներ են տարվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված

Աշխատանքներ են տարվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերին: «Ինչպես բոլորդ տեղյակ եք, այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց նաև շարունակական աշխատանքներ են իրականացվում գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված: Եվ այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի և ռուսական կողմի ներգրավվածությամբ»:

Անդրադառնալով Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Երկրորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին և նաև այն անձանց, ովքեր ամենայն հավանականությամբ գերեվարված են: Տվյալներն այս պահին ճշտվում են: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այսօր գտնվում է Արցախում՝ այս և այլ հարցերի կապակցությամբ տեղում լուծումները հասկանալու և քննարկումներ իրականացնելու: Այս հարցի շուրջ էլ տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ, և մոտակա ժամանակներս ակնկալում ենք հանգուցալուծում»:

Հին Շեն համայնքի հետ կապված խնդիրների վերաբերյալ փոխվարչապետը տեղեկացրել է, որ որոշակի լարվածություն է եղել նաև այնտեղ։ «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է: Խնդիրն ամբողջապես հանգուցալուծված չէ, բայց այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը: Ակնկալում ենք նաև, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես մենք կունենանք վերջնական հանգուցալուծում: Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ Պաշտպանության նախարարն այս պահին գտնվում է Սյունիքում: Սահմանապահ զորքերը Սյունիքի մեր սահմանների երկայնքով արդեն իրականացնում են տեղակայման աշխատանքներ: Համոզված եմ, որ Պաշտպանության նախարարությունը նաև օրվա ընթացքում կտեղեկացնի, թե ինչ աշխատանքներ են իրականցվում»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ մշտական կապի մեջ է Սյունիքի մարզի գործընկերների հետ: «Մարզպետն այս փուլում աշխատանք է տանում և՛ սահմանապահ ծառայության գործընկերների, և՛ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Իմ ստացած տեղեկատվության համաձայն, այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով: Եվ խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից, պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանները, բնականաբար, ամուր են և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի»,-ասել է նախարարը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth