Ազատվող դիրքեր Սյունիքում, մարտական հերթապահության հերթափոխ և խրախուսումներ

Ազատվող դիրքեր Սյունիքում, մարտական հերթապահության հերթափոխ և խրախուսումներ

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում կատարվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստուգվել է հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, տրվել են համապատասխան հրահանգներ մարտական հերթապահության կրման ընթացքում առաջադրվող խնդիրների վերաբերյալ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից նշել էին, որ խրախուսվել են զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները, մասնավորապես 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հրամանատարության կողմից խրախուսվել են սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայիններն ու կամավորականները։ Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին ու կամավորականներին արդյունավետ փոխգործակցության, ցուցաբերած քաջության և հայրենասիրության համար։

Այս ֆոնին արդեն հայտնի է, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ: 

Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատեն:

«Խոսքն այն տարածքների մասին է, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը, անվտանգության գոտու ապահովման համար: Այդ մասին մեզ ասել են զինվորականները: Սա շատ ցավալի իրողություն է, նորից ու նորից ահազանգում ենք անվտանգության հետ կապված: Փաստորեն Կապանից երկու ուղղությամբ գյուղեր տանող ճանապարհների որոշ հատվածներ ընկնում են թշնամու տարածքում»,-ասել է համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրել է, որ անվտանգության ապահովման համար առաջարկվում է ռուս սահմանապահների հերթապահություն: Գևորգ Փարսյանի խոսքով, կան համայնքներ, որոնք փաստորեն չունեն այլընտրանքային ճանապարհ և դրա անհրաժեշտությունը խիստ օրակարգային է դառնում:

«Կապանը շատ լուրջ անվտանգության խնդրի առաջ է կանգնում, ինչպես նշեցի՝ ճանապարհների հարցը: Դրանից բացի, սահմանային հատվածը ստացվում է Կապանի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա, օդանավակայանից, Կապան քաղաքի արտադրական հատվածից մոտ 200 մետր հեռավորություն, այսինքն՝ լուրջ անվտանգության հարց է առաջանում: Ներդրումների խնդիր կլինի, զբոսաշրջության մասին էլ չեմ մտածում»,-հավելել է համայնքի ղեկավարը:

Կապանցիները, քաջարանցիներն այսօր փակել են Մ2 մայրուղին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այս հարցերի հետ կապված: Բնակիչներին մոտեցել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և լսել նրանց խնդիրները:

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։ Գևորգ Փարսյանը նշել է, որ նախարարը Կապան չի այցելել, նրանք չեն հանդիպել:

ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանն ևս անդրադարձել է հարցին ու նշել, որ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:

«Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ շեշտում ենք՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին: Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է: Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth