Կառավարությունը հաստատել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցելու ևս 4 միջոցառում

Կառավարությունը հաստատել է պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիներին աջակցելու ևս 4 միջոցառում

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը: Միջոցառման շրջանակում, մասնավորապես, գործազուրկ անձանց աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով առաջարկվում է գործազուրկ անձին վճարել ամսական աշխատավարձ` 100 հազար դրամի չափով, ինչպես նաև գործատուին վճարել գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը։ Բացի այդ, նախատեսվում է նաև գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել 34 հազար դրամ:

Գործադիրը հաստատել է նաև վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով՝ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը: Մասնավորապես, որոշման շահառու հանդիսացող գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է կազմակերպել վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Միջոցառման շրջանակում վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված շահառուին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել 8 000 դրամ:

Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված զինծառայողների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի միջոցների հաշվին։ Ընդ որում, որպեսզի անձը դառնա հիմնադարամի շահառու, անհրաժեշտ է սահմանել հաշմանդամության (վնասվածքի կամ խեղման) պատճառական կապ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետ։ Որոշմամբ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով և կկազմի 300 000 դրամ։

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող անձանց տրամադրել եռամսյա դրամական օգնություն: Ընդ որում` առաջարկվում է ՀՀ հյուրընկալ ընտանիքին տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth