Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր, Արման Անդրեասյանը՝ բրոնզե

Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր, Արման Անդրեասյանը՝ բրոնզե

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցումային6-րդ օրը հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել. Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ բրոնզե:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին(Ռուսաստան): 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 5:4 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին, իսկ կիսաեզրափակչում 7։4 հաշվով առավելության էր հասել Սերբիայի ներկայացուցիչ Ստևան Միչիչի նկատմամբ։

Արման Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 4:2 հաշվով հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ ՎալենտինԲորզինին: 1/8 եզրափակչում Անդրեասյանը 1:4 հաշվով զիջել էր Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջևին, և վերջինիս եզրափակիչ դուրս գալու արդյունքում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն էր ստացել: Սփոփիչ գոտեմարտերում հայ ըմբիշը 10:0 և 7:0 հաշվով վստահ հաղթանակներ էր տոնել համապատասխանաբար սլովակ Դանիել Չոմանիկի և Հունգարիայի ներկայացուցիչ Դանիել Անտալի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Անդրեասյանի մրցակից Չերմեն Վալիևը (Ռուսաստան) ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։

Այսօր Աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալի համար պայքարելու է Վազգեն Թևանյանը (65 կգ). նրա մրցակիցը Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևն է: Ռազմիկ Պապիկյանն էլ (61 կգ) բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովի դեմ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի գավաթին մասնակցել է 8 ըմբիշով. մեդալային պայքարից դուրս են մնացել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեականներից Աշխարհի գավաթում արծաթե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Սլավիկ Գալստյանը (63 կգ) նվաճել է բրոնզե մեդալ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth