Հստակեցրել են այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում

Հստակեցրել են այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից հավանական գերեվարված հայ զինծառայողների խնդրի պարզաբանման համար ինքն ու պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ժամանել են Արցախ։

«Հարազատների հետ հանդիպումներից զատ, ինչպես նախորդող օրերին, այդպես էլ այսօր մշտական կապի մեջ ենք Արցախի իշխանությունների հետ բոլոր մակարդակներում։

Հանդիպել ենք Արցախի ԱԽ քարտուղարի հետ, կապ ենք հաստատել դժվար հասանելիություն ունեցող Հին Շենի և Մեծ Շենի հատվածում գտնվող Շիրակի մարզի զինծառայողների հետ։ Որոշում է կայացվել, որի մասին առավել մանրամասն կտեղեկացնեմ վաղը։ Զրուցել ենք նաև Հայկ Խանումյանի հետ, որը շուրջ 40 օր Խծաբերդի մարտական հենակետում իր ընկերների հետ պաշտպանել է տվյալ հատվածը։ Հայկը փայլուն տիրապետում է տարածքին, ուստի միասին քննարկել ենք այն ուղիները, որոնցով հնարավոր կլիներ տղաների անվտանգ ելքը տվյալ տարածքից։ Ավելի ուշ հանդիպել ենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ, մանրամասն դիտարկել ենք համացանցում տարածված տեսանյութը, որի արդյունքում պարզ է դարձել, թե որ հատվածում է այն նկարահանվել՝ Քիրսավանի՞, թե՞ Խծաբերդի։ Այժմ կապ պահելով ծնողների եւ մարզային իշխանությունների հետ՝ հստակեցրել ենք այն անձանց շրջանակը, որոնցից տեղեկություն չկա վերջին օրերի ընթացքում։ Արցախի նախագահի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը կպարզենք, թե բանակցությունների ինչպիսի ընթացք է եղել ռուսական կողմի հետ։ Նոր մանրամասներ լինելուն պես կտեղեկացնենք»,- գրել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն երեկ պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth