Հին Շենի և Մեծ Շենի շիրակցիները վերադարձել են. խոսքը չի վերաբերում Հադրութի շրջանում անհայտ կորածներին
Ազգային Ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ ինքն ու պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վերադարձել են Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից:
«Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում: Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն: Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում: Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում: Հարգելիներս խոսքը չի վերաբերում գերիներին»,- գրել է Հովսեփյանը:
Նշենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքը վիդեո է հրապարակել, որտեղ, ըստ հրապարակման, ցուցադրում են 62 գերեվարված հայ զինվորի։ Նշում է, որ հայ զինվորները գերեվարվել են դեկտեմեբրի 14-ին։ Բացի այդ, այլ տեսանյութեր ևս տարածվում են, որտեղ, ըստ հրապարակումների, նույն զինվորներն են (հասկանալի պատճառներով դրանք չենք տարածում — խմբ.):
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունից նշել էին, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր, որոնք, news.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ՄՈԲ-ից են և պահում էին Խծաբերդի դիրքերը։ Զոհված 9 զինծառայողները այլ խմբից են, պահում էին Հին Թաղերի դիրքերը։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti