327 կանչի են արձագանքել. 147-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

327 կանչի են արձագանքել. 147-ը՝ արտակարգ, արձանագրվել է 13 մահ

Դեկտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 147-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 44 հրդեհի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 79 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 119 կենցաղային կանչ. տուժել է 143 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 13 մահ: Արձանագրվել է թունավորման 16 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 7 տրանսպորտային միջոց:

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 327 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 44 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 12 կեղծ կանչ:

Փրկարարները 119 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 70-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Աջափնյակ, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ վարչական շրջաններում, Կոտայքում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 7 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 7 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները նվազեցնելու նպատակով փրկարարները ախտահանում են իրականացնում մարտի 30-ից: Անցած շաբաթ ախտահանվել է մոտ 6 000 հանրային վայր եւ տրանսպորտային միջոց: Մինչ օրս փրկարարները ողջ հանրապետությունում ավելի քան 200 000 վարակազերծում են իրականացրել. շուկաներ, խանութներ, բանկոմատներ, տրանսպորտի կանգառներ, բակային զրուցարաններ, մաքսային անցակետերում վարորդների հավաքատեղիներ, անցակետերի տարածքներ, շենքերի շքամուտքեր ու վերելակներ, վարչական շենքեր, բեռներով Հայաստան մտնող բեռնատարներ եւ այլն:

Տավուշի փրկարարները Դիլիջանում «Հրդեհա­շիջումը տանիքում» թեմայով տակտիկական պարապմունք են անցկացրել, իսկ Լոռվա փրկարարները՝ Պրիվոլնոյե համայնքի միջնակարգ դպրոցում քաղաքացիական պաշտպանության թեմայով գործնական պարապմունք:

Ավելի մանրամասն

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth