Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ քրեական գործով է ձերբակալվել Առուշ Առուշանյանը

Քննչական կոմիտեն հայտնել է, թե ինչ քրեական գործով է ձերբակալվել Առուշ Առուշանյանը

Երեկ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքում գրառում էր արել և նշել, որ  առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Առավոտյան հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:

«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth