54-ամյա տղամարդու սպանություն Արտաշատում

54-ամյա տղամարդու սպանություն Արտաշատում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանություն է զանգահարել Արտաշատի Մարքսի փողոցի բնակիչ, 55-ամյա մի տղամարդ: Նա հայտնել է, թե տանը հյուր ունի, որն արդեն 20 րոպե ոչ մի ազդակի չի արձագանքում, ենթադրում է, որ մահացել է: Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է նշված հասցե: Ոստիկանները տեղ են հասել բժիշկների հետ միասին. տղամարդն ահազանգել էր նաև շտապօգնություն: Ոստիկանները ճշտել են հյուրի ինքնությունը, բժիշկներն էլ հավաստել են՝ 54-ամյա տղամարդը, որն ապրում էր Արտաշատում, մահացել է: Իսկ սրտի շրջանում կտրած-ծակած վերքը կասկածի տեղ չի թողել, որ կատարվել է սպանություն, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են տունը: Սեղանին դրված են եղել բժշկական սպիրտի շիշ և ուտելիքի մնացորդներ: Բժշկական սպիրտ է եղել նաև սառնարանում:

Նշվում է, որ իրավապահների հարցերին խուսափողական պատասխաններ տվող տանտերը կասկածանքով բերման է ենթարկվել բաժին, ապա ներկայացվել Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ, որոնց առկայութամբ էլ տանտերը խոստովանել է, որ ինքն է դանակահարել հյուրին ու ձերբակալվել: Հանցագործության գործիքն առգրավված է: Հանգամանքները պարզվում են:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth