ՄԻԵԴ-ը բավարարել է 62 զինվորականների վերաբերյալ հայկական կողմից ներկայացված հերթական դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է 62 զինվորականների վերաբերյալ հայկական կողմից ներկայացված հերթական դիմումը

ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվել է փաստաբանների կողմից: Դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել, ինչպես նաև տեղեկություն հայտնել վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարը նշել էր, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հաստատել էր, 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth