Ոստիկանությունը հորդորել է պահպանել օրենքի պահանջները

Ոստիկանությունը հորդորել է պահպանել օրենքի պահանջները

ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է:

«Սույն թվականի դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:

ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա ՀՀ ոստիկանության համարժեք արձագանքին»,- ասված է հաղորդագրությունում:

Դրանից առաջ ՀՀ ոստիկանությունից հավաքի մասնակիցներին հորդորել են

– իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները,

– չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը,

– թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ,

– զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև Հանրապետության Հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։

Այս համատեքստում Ոստիկանությունը հիշեցնում է, որ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ուժով հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ։ Օրենքը նաև սահմանում է, որ հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը։

Այսպիսով, Ոստիկանությունը հավաքի անցկացման նպատակով վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth