Արցախ է վերադարձել 43096 մարդ. Անցած մեկ օրում՝ 378 մարդ

Արցախ է վերադարձել 43096 մարդ. Անցած մեկ օրում՝ 378 մարդ

Անցած մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել 378 փախստական: Ընդհանուր հաշվով ռուս խաղաղապահներն ապահովել են մոտ 43096 փախստականի վերադարձ իրենց մշտական բնակության վայրեր, նշված է Արցախում իրավիճակի վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարութան կողմից դեկտեմբերի 23-ին հրապարակված քարտեզում:

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի այդ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո՝ դեկտեմբերի 13-ին, հրապարակված քարտեզում ավելացվել էին նաև Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերը, սակայն հաջորդ օրվանից հրապարակված նոր քարտեզներում պատասխանատվության գոտում կրկին ընդգրկված չեն Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր:

Ավելի ուշ, Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հաստատել էր, 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդի 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth