Հակաբիոտիկային կայունություն` հետևանքներ, կանխարգելում և վերահսկում

Հակաբիոտիկային կայունություն` հետևանքներ, կանխարգելում և վերահսկում

Նախորդ նյութերում քննարկել ենք տարբեր թեմաներ` պաշտպանական մեխանիզմները, որոնք օգտագործել են բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար, ինչպես են չարաշահվում հակաբիոտիկները կորոնավիրուսի ընթացքում, ինչպես նաև այն գործոնները, որոնք նպաստում են այս խնդրի խորացմանը գլոբալ մակարդակով: Այսօր ներկայացնում ենք հակաբիոտիկային կայունության (ՀԿ) հետևանքները և կփորձենք հասկանալ, թե ինչպես է հնարավոր կանխարգելել այն:

Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս ամբողջ աշխարհում: Ստանդարտ հակաբիոտիկները կարող են դառնալ անարդյունավետ ամենապարզ հիվանդությանների բուժման համար: Այլ դեղամիջոցները կարող են նույնպես չօգնել:1 Բակտերիաների մի քանի օրինակ, որոնց դեմ պայքարում բժշկությունը գրեթե անզոր է դարձել.

Carbapenem-resistant Enterobacteriaceae (CRE)  էնտերոբակտերիան համարվում է խիստ վտանգավոր, քանի որ գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ կայուն է և հեշտությամբ տարածվում է: ԱՄՆ-ում հիվանդանոցային պացիենտների գրեթե կեսը, ովքեր արյան վարակներ են ստանում CRE բակտերիայից, մահանում են, քանի որ չի հաջողվում նրանց բուժել:

Multidrug-resistant (MDR) Neisseria gonorrhoeae-ն առաջացնում է գոնորեա և ցուցաբերում է դիմադրություն սովորական հակաբիոտիկների նկատմամբ:

Extended-spectrum β-lactamase-producing Enterobacteriaceae (ESBL)-ն արտադրում է սպիտակուց, որի շնորհիվ դիմադրում է պենիցիլինների և ցեֆալոսպորինների լայն տեսականուն` ներառյալ երկարացված սպեկտրի ցեֆալոսպորինները:

Multidrug-resistant (MDR) Salmonella-ն հաճախակի ծանր բակտերիալ աղիքային վարակների պատճառ է դառնում և ԱՄՆ–ում տարեկան առաջացնում է շուրջ 100 հազար հիվանդություն:

Methicillin-resistant Staphylococcus aureus (MRSA)-ն առաջացնում է թոքաբորբ, մաշկի և վերքերի, նաև արյան վարակներ:

Multidrug-resistant (MDR) Pseudomonas-ն առաջացնում է թոքաբորբ և արյան շրջանառության վարակներ: Որոշ շտամներ կայուն են գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ:2

ԱՀԿ-ի կանխատեսումներին համաձայն` ՀԿ-ի դինամիկան աշխարհում կցուցաբերի պրոգրեսիվ միտում, և եթե այս ճգնաժամին դիմակայելու միջոցներ չձեռնարկվեն, մինչև 2050 թվականը մահերի քանակը ներկայիս 700 հազարից կհասնի 10 միլիոնի:3

ՀԿ-ի տարածումը սահմանափակելու համար պետք է քայլեր ձեռնարկել հասարակության տարբեր մակարդակներում` անհատական, առողջապահական, քաղաքականության մշակման, գյուղատնտեսական: Այսօր կանդրադառնանք այն կանոններին, որով պետք է առաջնորդվենք, որպեսզի կանխենք ՀԿ-ի տարածումն անհատական մակարդակում: Հակաբիոտիկների չարաշահումից խուսափելու համար անհրաժեշտ է այս կանոններին առանձնակի ուշադրություն դարձնել, հատկապես` COVID-19-ի ընթացքում.

  • օգտագործել հակաբիոտիկներ միայն այն դեպքում, եթե դրանք նշանակել է բուժող բժիշկը,
  • երբեք հակաբիոտիկներ չպահանջել, եթե Ձեր բժիշկն ասում է, որ դրանք Ձեզ անհրաժեշտ չեն,
  • հակաբիոտիկներ օգտագործելիս միշտ հետևել բժշկի խորհուրդներին` օգտագործել դրանք ըստ նշանակված քանակի` կիսատ չթողնելով բուժումը,
  • կանխել վարակների տարածումը. պահպանել պատշաճ հիգիենա, պարբերաբար լվանալ ձեռքերը, սահմանափակել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումները, վարել անվտանգ սեռական կյանք, իրականացնել պատվաստումներ,
  • սնունդ պատրաստելիս հետևել ԱՀԿ-ի կողմից սահմանված անվտանգ սննդի հինգ բանալիներին (մաքուր պահել, առանձնացնել հում մթերքը եփածից, մանրակրկիտ եփել, պահել սնունդն անվտանգ ջերմաստիճանում, օգտագործել անվտանգ ջուր և հում սնունդ) և ընտրել սննդամթերք, որն արտադրվել է առանց հակաբիոտիկների օգտագործման,4
  • չկիսվել անձնական իրերով, ինչպիսիք են` ածելիները, սրբիչները կամ խոզանակները,
  • այլոց բաց վերքերին չդիպչել,
  • օգտագործել հասարակ օճառ ձեռքերը և ընդհանուր մակերեսները լվանալու համար: Հակաբակտերիալ բաղադրիչներով օճառները չեն կանխում վարակի տարածումը, ընդհակառակը, դրանք կարող են նպաստել ՀԿ-ի խորացմանը:1

Որոշ մարդիկ կարող են առարկել` ասելով, որ թվով 7.8 միլիարդ գլոբալ հասարակության մեջ, լինելով մեկը, չեն կարող  բարելավել իրավիճակը: Սակայն, ինչպես ասել է օդերևութաբան Էդվարդ Լորենցն իր «Butterfly effect» տեսության մեջ. «Յուրաքանչյուր փոքր փոփոխություն կարող է ունենալ անսպասելի մեծ արդյունք»: Հետևաբար, պահպանելով վերոնշյալ կանոնները, յուրաքանչյուր ոք կարող է նպաստել համաշխարհային առաղջապահության բարելավմանը:

Հղումներ`

  1. Antibiotic Resistance | Cedars-Sinai. Accessed December 17, 2020. https://www.cedars-sinai.org/health-library/diseases-and-conditions/a/antibiotic-resistance.html
  2. Treat Systems. Accessed December 16, 2020. https://www.treatsystems.com/TheChallenge/select/AntimicrobialResistance
  3. The burden of antibiotic resistance – Part 1 – ReAct. Accessed December 17, 2020. https://www.reactgroup.org/antibiotic-resistance/course-antibiotic-resistance-the-silent-tsunami/part-1/the-burden-of-antibiotic-resistance/
  4. Antibiotic resistance. Accessed December 16, 2020. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/antibiotic-resistance

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth