«Mediaport» տելեգրամյան ալիքը սուտ լուրեր է տարածում». Առողջապահության նախարարություն

«Mediaport» տելեգրամյան ալիքը սուտ լուրեր է տարածում». Առողջապահության նախարարություն

Առողջապահության նախարարության լրատվական բաժինն անդրադարձել է առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի անվան շուրջ տարածված տեղեկություններին:

«Անհայտ ծագմամբ` «հավաստի լրատվություն» տարածող իրեն հռչակած «Mediaport» տելեգրամյան ալիքը բացարձակ սուտ լուրեր է տարածում առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի մասին, իբրև նա նշանակվելու է «պաշտպանության փոխնախարար»: Բացի այդ, նույն «աղբյուրը», արատավորելով Արտյոմ Սմբատյանի բարի համբավը, մի շարք ստեր է տարածում «ատկատներ հավաքելու» և 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» գնելու վերաբերյալ: «Ատկատներ հավաքելը» լուրջ մեղադրանք է, և եթե «հավաստի լրատվություն» տարածող ալիքի հետևում կանգնած անձինք ունեն նման տեղեկություններ, թող անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին: Ցավոք, նշված ալիքը չունի հետադարձ կապի հնարավորություն, ինչը մեծ խոչընդոտ է վերջիններիս պատասխանատվության կանչելու և դատարանի առջև կանգնեցնելու տեսակետից»,- նշված է նախարարության հաղորդագրությունում:

Նշենք, որ «Mediaport» տելեգրամյան ալիքը նշել էր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության փոխնախարար։

«Նկատենք, որ հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ի պաշտոնը, և քանի որ չի համապատասխանել պաշտոնի անձնագրին, նշանակվել է փոխնախարար։ Համաձայն նախարարությունում շրջանառվող լուրերի՝ Սմբատյանն Արսեն Թորոսյանի «կասիրն» է, և հենց նա է զբաղվում ատկատները հավաքելու գործով։ Վերջերս մամուլը հրապարակեց լուսանկար՝ փաստելով, որ ըստ հայտարարագրի ոչ մի սեփականություն չունեցող Սմբատյանը, վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել»,- գրել էր ալիքը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth