Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ

Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ

Կառավարության այսօրվա նիստի ավարտին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նշել է, որ երեք օրվա ընթացքում ունեցել ենք 702 նոր դեպք. «Ընդհանուր դեպքերի թիվը 156 հազար է, բայց որպես հիմնական խնդիր, դիտարկելով հիվանդների բուժօգնությունը, կարող եմ ասել, որ արդեն մոտ երկու շաբաթ է հոսպիտալացմանը տանը սպասող որևէ պացիենտ չունենք: Ավելին՝ մենք արդեն սկսել ենք, որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու»:

Նախարարը կրկին կոչ է արել քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին, քանի որ դեռ այս հիվանդության դեմ պայքարի այլ տարբերակ չկա: «Հաշվի առնելով որ հիմա մարդիկ ավելի շատ են լինում փակ տարածքներում և ավելի քիչ են այդ տարածքներն օդափոխվում՝ ռիսկն այս շրջանում ավելի է մեծանում, հետևաբար զգոնության հավելյալ ջանքեր պետք է բոլորս գործադրենք»,-ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով նաև, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցածր թիվ, որը տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են Հայաստանում կառավարվում կորոնավիրուսի դեպքերը: Բայց մենք պետք է արձանագրենք՝ մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով կանցնեն անխուսափելիորեն։ Այս տեղեկատվությունը նույնպես մեր հանրությունը պետք է իմանա, որովհետև այն ժամանակ, բնականաբար, բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր այդ խնդրի վրա, բոլորը դրա մասին էին խոսում, քննարկում, իսկ հիմա, երբ իրադրությունը փոխվել է, և մեր կանխատեսումը միջազգայնորեն իրականություն է դարձել, այդ թեմայի վրա առանձնապես ուշադրություն դարձնող չկա»,-ասել է վարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth