Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը

Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը

Կառավարությունը հաստատել է Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը, որի նպատակն Արցախում հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաներին աջակցության տրամադրումն է Ամանորի կապակցությամբ։ Ըստ այդմ՝ միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թ. հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։ Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով՝ 20000 դրամ յուրաքանչյուր երեխային, ըստ Հայփոստին ու Արցախփոստին տրամադրված՝ երեխաների անվանացանկերի։ Միջոցառման շահառու հանդիսացող երեխաների տվյալները ծառայությանը տրամադրում է Ոստիկանությունը, ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների։

Այդ նպատակով գործադիրը նաև վերաբաշխում է կատարել 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջոցառումը ֆինանսավորվում է նախարարության պարգևավճարների և աշխատավարձի հավելավճարների ամբողջ ֆոնդով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հասկանալի պատճառներով այս տարի ամանորյա միջոցառումներ չեն լինի, բայց պետք է անել առավելագույնը, որ երեխաները չզրկվեն ամանորյա միջոցառումներից. «Ես տեղեկացա, որ ամանորյա ներկայացումներ կլինեն մեր թատրոններում, ինչը շատ կարևոր է»:

Վարչապետն անդրադարձել է նաև Արցախի բնականոն կյանքի համար իրականացված միջոցառումներին: «Առաջին՝ Արցախում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրից օգտվում է շուրջ 87 հազար շահառու, կառավարությունն այս նպատակով հատկացրել է 6.4 մլրդ դրամ։ Հաջորդ միջոցառումը՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող համայնքների բնակիչների աջակցության ծրագրով ունենք ավելի քան 2000 շահառու, կառավարությունը հատկացրել է մոտ 600 մլն դրամ։ Արցախում դեկտեմբեր ամսվա կենսաթոշակները և նպաստները վճարելու նպատակով Արցախի կառավարությանը գումար հատկացնելու մասին որոշում ենք կայացրել, որի շրջանակում հատկացրել ենք շուրջ 940 մլն դրամ: Արցախում պետական աշխատողների դեկտեմբեր ամսվա վճարելու նպատակով Արցախի կառավարությանը հատկացրել ենք մոտ 3.1 մլրդ դրամ: Արցախի բնակչության վերջին 3 ամսվա կոմունալ վճարումների ամբողջական անհատույց հատուցում Արցախի կառավարության հետ համատեղ այս նպատակով հատկացրել ենք շուրջ 1 մլրդ դրամ»,-ասել է կառավարության ղեկավարը:

«Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ բացի վերոնշյալ ծրագրերից, որոնք իմ նշած ճանապարհային քարտեզի շրջանակում են, կառավարությունը հաստատել է ևս 8 միջոցառում, որոնք ընթացքի մեջ են, և որոնց իրականացման վերաբերյալ հաշվետվությունները կներկայացվեն առաջիկայում: Առանձնահատկությունն այն է, որ մի քանի միջոցառման շահառու են ոչ միայն Արցախի բնակիչները:

Ես ուղղակի ցանկացա այս տեղեկատվությունը բարձրաձայնել, որովհետև այս կայացված որոշումների հետ կապված մենք շատ լայն տեղեկատվություն չենք տարածում՝ նաև նկատի ունենալով, որ այս ամեն ինչը մեր պարտականությունն է, ու դա շատ թմբակահարելու անհրաժեշտություն չկա։ Բայց մյուս կողմից այս պայմաններում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե մենք Արցախին հոգսերի հետ միայնակ ենք թողել»,- ասել է վարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth