Համագործակցությունն ընդլայնելու հուշագիր են ստորագրել

Համագործակցությունն ընդլայնելու հուշագիր են ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Կորեայի Հանրապետության Առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության նախագահ Սուն Մին Կիմն առողջապահության անվտանգության ազգային համակարգի համագործակցության շրջանակներում առցանց ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հիմք ընդունելով երկու երկրի  միջև դրական փորձը` այս քայլով կողմերն ամրապնդում և ընդլայնում են համագործակցությունն ու հարաբերությունները:

«Շատ եմ կարևորում Առողջության ազգային անվտանգության համակարգում Հայաստանի առողջապահության նախարարության և Կորեայի առողջության ապահովագրության դիտարկման և գնահատման ծառայության համագործակցությունը և ուրախ եմ, որ այսօր ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր այս ուղղությամբ»,- ողջունելով Սուն Մին Կիմին ասել է Արսեն Թորոսյանը:

Հուշագրի համաձայն՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ըստ անհրաժեշտության պարբերաբար կազմակերպել հանդիպումներ՝ ուղղված առողջապահության անվտանգության ազգային համակարգի ամրապնդմանը: Միաժամանակ, նախատեսվում է  փորձի փոխանակում ռազմավարական գնումների իրականացման մեխանիզմների շրջանակում, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ առողջապահության որակի գնահատման, դեղորայքային քաղաքականության, առողջապահական ռեսուրսների արդյունավետ կառավարման, առողջապահության քաղաքականության մշակման նպատակով տեղեկատվական հաղորդակցման համակարգի առավել արդյունավետ կիրառման ուղղություններով:

Կողմերը հույս են հայտնել, որ 2021 թվականը խաղաղ և ապահով տարի կլինի և հնարավորություն կընձեռի իրագործելու նախանշված բոլոր ծրագրերն ու անելիքները։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth