Ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց. Նստացույցը շարունակվում է

Ընդդիմության բողոքի ակցիան ավարտվեց. Նստացույցը շարունակվում է

Ընդդիմության կազմակերպած այսօրվա միջոցառումներն ավարտվեցին, սակայն Հանրպետության հրպարակում հայտարարված նստացույցը շարունակվում է, վրանները տեղադրված են: Այսօր առավոտյան ժամը 10-ից քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի մոտ, որպեսզի շրջափակեն շենքը և թույլ չտան Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամները մուտք գործել շենք և կառավարության այսօրվա նիստը չկայանա:

Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել և նիստը կայացավ: Փոխարենը ցուցարարները փակել էին ճանապարհը՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի ավտոշարասյունը դուրս չգա կառավարության շենքի տարածքից:

Ավելի ուշ քաղաքացիները երթ կազմակերպեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին: Ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել էին Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառավարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով են և վահաններով:

«Հայաստանի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջում նշված է, որ կառավարության շենքը շրջափակած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ գործողությունների հետևանքով վնասվածք է ստացել 3 քաղաքացի: Մեկ կին ուշագնաց է եղել, մեկ ուրիշը՝ ուժեղ հարված ստացել գլխին։ Ոստիկանները կառավարության շենքի մոտից ուժ գործադրելով բերման են ենթարկել 69 ակտիվիստի:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դեկտեմբերի 24-ին կրկին հանրապետությունում հայտարարված են անհնազանդության ակցիաներ, գործադուլ ու դասադուլ։ Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցությունից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth