Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը

Քննարկվել է ՀՀ զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կարգը

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակման նախագծի մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի փոփոխության քննարկումն էր:

Աշխատանքային խումբը նախարարին է ներկայացրել գործընթացի իրականացման առաջարկներ և դիտողություններ: Քննարկվել են աշխատանքային խումբը փորձագետներով համալրելու, պահանջվող չափանիշները հստակեցնելու, հաղթողին ընտրելու ձևաչափը որոշելու, ժամկետներ սահմանելու և մրցույթի անցկացման կարգին վերաբերող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև նշանաբանի ընտրությանը, հստակեցվել են որոշակի ձևաչափեր, և հարցը համապատասխան մասնագետների ներգրավմամբ քննարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ինչպես հստակեցրել է նախարար Վ. Դումանյանը, այս մրցույթի անցկացումը խմբագրական նպատակ հետապնդող գործընթաց է, և արդյունքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինանշանի լրամշակումը՝ որոշ դետալների փոփոխմամբ:

Հավելենք, որ ՀՀ պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խումբը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2019 թ. հոկտեմբերի 18-ի N 1508-Ա որոշմամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth