Բաղդասարյանն Արցախում է. օրակարգում 62 հայ գերեվարվածի հարցն է

Բաղդասարյանն Արցախում է. օրակարգում 62 հայ գերեվարվածի հարցն է

Ազգային Ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախ կատարած իր հերթական այցին: Պատգամավորը նշել է, որ օրակարգում է 62 հայ գերեվարվածի հարցը:

«Հետևողական լինելով 62 գերեվարվածի և մինչ օրս անհետ կորածների խնդրին՝ կրկին Արցախում եմ։ Վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ քննարկման արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել գործընթացներում հստակություն և որոշակի ճշգրտում իրականացնել։ Արցախի փրկարար ծառայության ղեկավարի, ապա նաեւ ռուսական կողմից որոնողական աշխատանքները գլխավորող անձնակազմի հետ քննարկել ենք նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների արդյունքները։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համադրել ենք այս պահին ունեցած մեր տվյալները։ Արցախի նախագահի հետ հանդիպման ընթացքում մատնանշվել են հրատապ արձագանք պահանջող հարցեր, ինչի արդյունքում՝ փոխադարձ համաձայնությամբ Արայիկ Հարությունյանը հերթական անգամ ընդունեց Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին։ Գործընթացի զգայունությունը հաշվի առնելով՝ հավելյալ տեղեկություններ չեն հրապարակվելու։ Հորդորում եմ նաև զերծ մնալ սոցիալական ցանցերում անտեղի շահարկումներից և ոչ կոմպետենտ մարդկանց՝ անհարկի միջամտությունից»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հին Թաղերի և Խծաբերդի վրա ադրբեջանական հարձակումից հետո երկար ժամանակ հարյուրից ավելի գերիների վերաբերյալ լուրեր էին տարածվում համացանցում։ Միայն դեկտեմբերի 17-ին պաշտոնական տեղեկություններ ստացվեցին, որ անհայտ է մնում Հադրութի երկու գյուղի ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացրած 73 մարդու ճակատագիր:

Ավելի ուշ, Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հաստատել էր, 62 հայ գերեվարվածները գտնվում են Բաքվում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը բավարարել է Խծաբերդի 62 զինվորականների վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth