Զասի նամակը. Անվտանգության խորհուրդը պատասխանեց, Մինասյանն արձագանքեց

Զասի նամակը. Անվտանգության խորհուրդը պատասխանեց, Մինասյանն արձագանքեց

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի հրապարակմանը: 

«ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։ Առաջին. պարզվեց Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։ Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։ Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է, քանի որ միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում: Շարունակում եմ պնդել, որ ՀԱՊԿ հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում խաղարկվել է մի իրավիճակ, որում մեկին մեկ մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու այդ սցենարի պարագայում նախտեսված է եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Ավելին` փաստաթղթերի փաթեթում ներառված են նաև օգնության դիմելու հայտերի ձևաթղթերը:  Պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ: Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել: Վստահ եմ՝ գիտի և իրեն մեկ է։ Իրենց տեսակն է դա՝ անուղեղ ու անհայրենիք»,- գրել է Մինասյանը:

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել էր խորհրդի քարտուղար 2020թ. Սեպտեմբերի 1-ին Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հասցեագրած նամակին, որը երեկ հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:

Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնի նամակ, որը թաքցվել է հայ հանրությունից:

Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։

Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն երեկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

«Խոստացածս փաստաթղթում հստակ նշված է, որ ՀՀ վարչապետը թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայելու նպատակով օժանդակության համար պետք է դիմեր ՀԱՊԿ գործընկերներին` դեռևս պատերազմական գործողությունները չսկսած: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո´չ պատերազմի նախօրեին, ո´չ էլ դրա ընթացքում չդիմեց ՀԱՊԿ: Ավելին, հաղթանակի մասին 44 օր խաբելով՝ երկիրը տարավ կապիտուլյացիայի, որովետև պարտավորություններ ուներ իր «կիրթ ու կառուցողական» ընկերոջ նկատմամբ: Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ: Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով» ,- գրել էր Մինասյանը:

Ավելի վաղ Միքայել Մինասյանը իր «Requiem / 5. Երազանքներ» տեսանյութում հայտարարել էր, որ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասը նամակ է գրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցել փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացնել ռազմական շտաբային զորավարժություններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth