«Ալլահ ագբար…». «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել

«Ալլահ ագբար…». «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից նույն հիմնարկի երկու աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել են խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով, և առաջարկել նրան վերցնել դռան դիմաց դրված անկողնային պարագաներն ու հագուստները:

Վերջինս, ընդգծելով իր թշնամական վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ, մոտեցել է դռանը և իր մոտ պահված ածելիով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անսպասելիորեն վնասվածք է պատճառել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկին՝ ձախ բազկի, այնուհետև մյուս աշխատակցին՝ դեմքի և պարանոցի հատվածներում: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով դատապարտյալը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հրելով նրան, մտցրել են խուց և դուռը փակել, որի ընթացքում վերջինս հնչեցրել է՝ «Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին, քրիստոնյաների արյունն եմ թափելու, բոլորդ մեռնելու եք» արտահայտությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա  մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth