Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան

Շիրակում աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան

Շիրակի մարզպետարանում,  դեկտեմբերի 29-ին  կայացած տարեվերջյան ամփոփ մարզային խորհրդի նիստում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համայնքի ղեկավարներին ներկայացրել է մարզպետի նորանշանակ տեղակալ Պողոս Աբրահամյանին, որն այսուհետև զբաղվելու է մարզում աշխարհազորի հետ կապված խնդիրներով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ թեև նշանակումը կատարվել է նոյեմբերի 3-ին, սակայն նորանաշանակ տեղակալին մարզպետն հիմա էր ներկայացնում համայնքների ներկայացուցիչներին:

«Պաշտոնը նոր է՝ մինչև հիմա աշխարհազորը համակարգող պաշտոն չի եղել, և  մենք  պետք է այս աշխատանքը կատարենք ի շահ մեր պետության պաշտպանության և մեր անվտանգութայն ուժեղացման»,- նշել է նորանշանակ մարզպետի տեղակալը՝ վստահեցնելով, որ սերտ աշխատանք է լինելու բոլոր համայնքների հետ: Մարզում աշխարհազորային կորպուսի համալրումը լինելու է մարզպետարանների կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած նախագծերի հաստատումից հետո: Շիրակի մարզում  աշխարհազորային ստորաբաժանումների հավաքագրման աշխատանքները կակտիվանան հունվարից:

Մարզային խորհրդի նիստի մեկնարկին բոլորը մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակը: Այնուհետև մարզպետարանի վարչությունների ղեկավարները ներկայացրել են 2020 թվականին իրականացված աշխատանքները:

Ամփոփելով տարին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ տարին ծանր  էր, իսկ 2021-ը  դժվար աշխատանքի  տարի կլինի համայնքների համար:

«Պատերազմի ու համավարակի հետևանքով առաջ եկած խնդիրներն ավելի կդժվարացնեն 2021 թվականը: Մաղթում եմ, որ հաջորդ տարին լինի հաջողված աշխատանքի տարի»,- ասել է Տիգրան Պետրոսյանը՝ համայնքների ղեկավարներին հորդորելով ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես զոհված, անհետ կորած կամ գերեվարված անձանց ընտանիքներին: Մարզպետն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մարզի առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ համավարակի ամբողջ ընթացքում նվիրումով աշխատելու համար:  Մարզպետն իր երախտիքի խոսքն է հղել հայրենիքի պաշտպաններին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth