Անհետ կորած զինծառայողի՝ մեքենայով ՊՆ դարպասներին հարվածած հորը ձերբակալել են

Անհետ կորած զինծառայողի՝ մեքենայով ՊՆ դարպասներին հարվածած հորը ձերբակալել են

Հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ Գ.Վ.-ն, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, կոտրել դրանք և մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք: Այնուհետև Գ.Վ.-ն մեքենայով կոտրել է վարչական մասնաշենքի մուտքի դռները և մեքենայով մխրճվել շինության մեջ։

Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Երևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ ԿՔԲ-ն, ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քաղաքացի Գ.Վ.-ն ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հրանտ Վարդանյանի եղբոր որդին պատերազմում անհետ կորել է: Մի քանի ամիս է՝ լուր չունեն: Նա Aysor.am-ին պատմել է, որ հոկտեմբերի 2-ից զարմիկի հետ կապ չկա: ՊՆ-ից ասել են, որ խնդրով զբաղվում են:

«Հոկտեմբերի 5-ին անունը զոհերի ցուցակում էին ներառել: Գնացել ենք ՊՆ, ասել են՝ «մեզ անուն են տվել, գրել ենք, մենք կոնկրետ մեր աչքով չենք տեսել՝ մահացել ա»: Ռեալ բան չեն ասում: Մենք կասկածի տակ ենք դնում երեխայի մահվան հանգամանքը», — ասել է Հրանտը:

Որդու կորստի, անորոշության, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների հետևանքով, Հրանտի եղբայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան ձերբակալել են: Գործը 3 հոդվածով է անցնում: Սպառնում է 5-10 տարով ազատազրկում:

«Ես ասում եմ՝ դարպասները կվերանորոգեմ, իսկ դու՞ք ինչ եք անելու: Ինչու՞ է ինքը հասել այդ վիճակին: Հիմա իրավիճակն այնպես է, որ այս պահին ապակի՞ն է խնդիրը, թե՞ երեխան: Ամեն ծնող մի ձև է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք ա մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ, էս հասցեով գնա, էն հասցեով գնա, նկար տար, չգիտեմ՝ ինչ տար…», — ասել է անհետ կորածի հարազատը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth