Ամբերդ գյուղում երկու տղամարդու են դանակահարել

Ամբերդ գյուղում երկու տղամարդու են դանակահարել

Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։ Ժամը 14.30-ի սահմաններում բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով 27 և 35 տարեկան երկու քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց։ Օպերատիվ խումբը մեկնեց բժշկական կենտրոն։ Ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ թե տուժողները որտեղից և երբ են բուժօգնության դիմել։ Պարզվեց՝ երկուսն էլ Ամբերդ գյուղի բնակիչներ են, որտեղ էլ մոտ մեկ ժամ առաջ կատարվել էր դեպքը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստով հարուցվեց քրեական գործ։ Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկեց՝ դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ։ Շուտով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր Ամբերդ գյուղի 23-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth