Նոր Նորքում երկու երիտասարդի են դանակահարել

Նոր Նորքում երկու երիտասարդի են դանակահարել

Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ։ Ժամեր անց նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժին երկու ահազանգ է ստացվել: Մի հիվանդանոցից հայտնել են, որ կոնքազդրի կտրած-ծակած վերքով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության դիմել, որին, ըստ նախնական տվյալների, Գայի արձանի հարևանությամբ դանակահարել է անծանոթ անձը: Մյուս ահազանգը մեկ այլ հիվանդանոցից է եղել. որովայնի կտրած-ծակած վերքով 27-ամյա տղամարդու էին բուժհաստատություն տեղափոխել, որը վնասվածքը դարձյալ Նոր Նորքում էր ստացել՝ իբր ընկնելու հետևանքով, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ Գայի արձանի հարևանությամբ մի խումբ անձանց միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Նոր Նորքի 5-րդ զանգվածում բնակվող 27-ամյա տղամարդը, որն իբր ընկնելու հետևանքով էր վնասվածքը ստացել, իրականում դանակահարել էր 23-ամյա երիտասարդին, նրա ընկերն էլ, որ Մոլդովական փողոցի 19-ամյա բնակիչ է, 27-ամյա տղամարդուն էր դանակահարել։ Բացատրական աշխատանքի արդյունքում 19-ամյա երիտասարդը հունվարի 10-ին ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Վնասվածքներ էին ստացել նաև վիճաբանության այլ մասնակիցներ։ Հանգամանքները պարզվում են։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակները հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth