Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, այդ պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս պահանջները խիստ սահմանափակում են ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»,– ասել է նախարարը:

Հարցի շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկվել է քննարկել պայմանների մեղմման, ներդրումների խրախուսման մեխանիզմերի ավելացման տարբերակը, այլ ոչ թե դրանք ամբողջությամբ հանելու:

Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է և ոչ թե բյուրոկրատիան, կոռուպցիան, ոչ էլ հարկերը։ «Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից: Չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են՝ մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- նշել է Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ նման որոշում ընդունելով Հայաստանում բանկի այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել, քանի որ ընկերությունը պետք է գնա բանկ և վարկավորում վերցնի նաև բանկից։ «Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողն ավելի հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ այս որոշման փոփոխությամբ մենք թույլ ենք տալիս, որ այն ընկերությունները, որոնք հիմնականում արդեն սպառել են միջոցներ ձեռք բերելու մյուս գործիքները, հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասել է Վահան Քերոբյանը։

Վարչապետի առաջարկությամբ հարցը դրվել է քվերարկության և արժանացել է կառավարության մեծամասնության հավանությանը (դեմ` 3):

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս թեման կպահվի կառավարության ուշադրության կենտրոնում և գուցե անցկացվի ևս մեկ աշխատանքային քննարկում մինչև ստորագրումը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth