Հայաստանը մտնում է դատական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ. Փաշինյան

Հայաստանը մտնում է դատական համակարգի բարեփոխումների շատ կարևոր փուլ. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հաջողություն է մաղթել գործադիրի բոլոր անդամներին. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք 2021 թվականի հունվարի 14-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները: Սա այս տարվա մեր առաջին նիստն է, և ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին»:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավա¬¬րու¬թյան օրենսդրական նախա¬ձեռ¬նությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այս փաթեթով ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը։ «Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը։ Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ նաև մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից է բխում, որ պետք է ներդրվեր նաև մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների մասով»,- ասել է նախարարը։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաի և մարզերի դատարանների համար։ Նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում՝ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Մինչև 21 դատավորի հաստիք կավելանա առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։

«Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն, և հասարակական ընկալման տեսանկյունից՝ վստահությունը դատական իշխանության նկատմամբ այս մասով կբարձրանա »,- ասել է նախարարը։

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում: «Առաջիկայում մենք սպասում ենք պարեկային ոստիկանության ձևավորմանը, և այս փաթեթն էլ մեր բարեփոխումների շատ կարևոր մասն է։ Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է: Եվ, ըստ էության, դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է»,— նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն։ «Այսինքն՝ կայացվեց որոշումը և բոլորն ի գիտություն ընդունեն, որ դատարանն այդպիսի որոշում կայացրեց, այլ ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ: Մեր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, սա է:

Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է հետևողական լինենք, այդ թվում՝ նաև բարեվարքության ստուգման արդյունքների հետագա ազդեցություններն ապահովելու համար: Որովհետև եթե բարեվարքության ստուգման հետ կապված նեգատիվ տեղեկատվություն կա, պետք է երաշխիքներ ստեղծենք նաև ինչ-որ առումով, որ հիմնավոր և ապացուցված այդ նեգատիվ տեղեկատվությունը շատ կոնկերտ և ուղիղ ազդեցություն կունենա»,-ասել է վարչապետը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth