Սահմանվել են օրինական տիրապետողի անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելուն ուղղված կառուցակարգեր

Սահմանվել են օրինական տիրապետողի անշարժ գույքի տարածք ներխուժումը վերացնելուն ուղղված կառուցակարգեր

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների պատշաճ և իրավաչափ իրացումը ապահովելու նպատակով: Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Ըստ այդմ, կստեղծվեն համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր Քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի կիրառման համար:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ նշելով, որ օրենքի և իրավունքի գերակայությունները շատ առանցքային նշանակություն ունեն իրավակարգի պահպանության և պաշտպանության տեսակետից: «Մենք այս ընթացքում էլ բախվել ենք բազում դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: Բոլորը դա ընդունում են, այսինքն՝ բանավեճ չկա, ըստ էության, որ սեփականությունը պատկանում է x մարդուն, բայց y մարդը որոշակի գործողություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթակարգային խնդիրներ: Եվ փաստացի ստացվում է, որ լուռ համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը գործնականում վերացնելու համար երբեմն կարող են տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Եվ հիմա մենք փորձում ենք այս որոշմամբ հնարավորինս հեշտացնել հարցը, որպեսզի նման բարդություններ չծագեն»,-ասել է կառավարության ղեկավարը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth