Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի

Սպորտային մարմնամարզության 2021թ․ Եվրոպայի առաջնությունը  կանցկացվի առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը՝ հղում անելով մարմնամարզության եվրոպական միությանը:

Մրցաշարը նախատեսված է Շվեյցարիայի  Բազելում՝  ապրիլի 21 — 25-ը։ Առաջնության կազմկոմիտեի ղեկավար Կատրին Ամակերը ափսոսանք  է հայտնել  դատարկ տրիբունաների «ուղեկցությամբ» մրցաշար անցկացնելու համար: Այնուամենայնիվ, առավել թանկ է մարդու առողջությունը:

Դոհայում մարտի ութին կմեկնարկի աշխարհի գավաթի խաղարկության վերջին ՝ ութերորդ փուլը: Այն օլիմպիական վարկանիշային  է և առանձին գործիքների մրցումներում լավագույն արդյունքներ ցույց տվող մարմնամարզիկները կստանան Տոկիո մեկնելու ուղեգիր: Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը,Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը: Գլխավոր մարզիչը և Արթուր Գյուրջինյանը կաշխատեն մրցավարական հանձնաժողովում, իսկ Հայկ Նազարյանն ու  Կարեն Բաղդասարյանը կկատարեն մարզչի պարտականությունները:

Հայրենիք վերադառնալուց հետո թիմը ապրիլի մեկից 14-օրյա ուսումնամարզական հավաքի կմեկնի Մինսկ կամ Թբիլիսի: Մարզումները կանցնեն  Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով: Կհաջորդի ուղևորությունը Բազել, որտեղ Եվրոպայի առաջնության մեդալներից բացի, կորոշվեն բազմամարտի երկու ուղեգրերի տերերը: Նախատեսվում է պայքարի հանել մեր հետևյալ հնգյակին. հնաբնակներ Արթուր Դավթյան ,Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, նորեկներ Արթուր Ավետիսյան և առաջին անգամ մեծահասակների հավաքականը համալրած Գագիկ Խաչիկյան:

Հիշեցնենք, որ առայժմ ունենք  չորս օլիմպիական ուղեգիր, որից մեկի հեղինակը մեր առաջատար բազմամարտիկ Արթուր Դավթյանն է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth