ԱԺ-ն կքննարկի ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցը

ԱԺ-ն կքննարկի ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու հարցը

Արցախի ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։

Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։ «Արցախի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,- նշված է նախագծում:

Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth