Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացել է 5 տուր

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնություններում կայացել է 5 տուր

Փետրվարի 16-ից Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 81-րդ և կանանց 76-րդ առաջնությունները։ Տղամարդկանց մրցաշարին այս տարի մասնակցում է 12 շախմատիստ, 11-ը՝ գրոսմայստեր: Առաջնության միջին վարկանիշը 2577 է. ըստ ՖԻԴԵ-ի մրցաշարերի սանդղակի՝ այն 14-րդ կարգի մրցաշար է: Կանանց մրցաշարում հանդես է գալիս 10 շախմատիստուհի: Երկու մրցաշարում էլ արդեն կայացել է 5 տուր:

Տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Արման Փաշիկյանն ունի 4 միավոր, իսկ նրան 3-ական միավորով հաջորդում են Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Կանանց պայքարում 5-րդ տուրից հետո առաջատարը Սուսաննա Գաբոյանն է, որը վաստակել է 4 միավոր: Երկրորդ հորիզոնականում գտնվող Վերոնիկա Խաչատրյանն առաջատարին զիջում է ընդամենը կես միավորով: Մարիա Գևորգյանը, Մարիամ Ավետիսյանը և Մարիամ Մկրտչյանն ունեն 3-ական միավոր:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում Մանուել Պետրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցելու է Տիգրան Հարությունյանի հետ, Լևոն Բաբուջյանը, ով ավելի վաղ հաղթել է Հայաստանի առաջին խմբի առաջնությունում, խաղալու է Արման Փաշիկյանի հետ, Տիգրան Պետրոսյանի մրցակիցը Զավեն Անդրիասյանն է, առաջատար Հովհաննես Գաբուզյանինը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը կմրցի Մամիկոն Ղարիբյանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Հայկ Մարտիրոսյանի:

Կանանց առաջնության 6-րդ տուրում կայանալու են հետևյալ պարտիաները՝

  • Մարիամ Ավետիսյան – Արփինե Գրիգորյան,
  • Մարիա Գևորգյան – Աննա Խաչատրյան,
  • Սիրանուշ Ղուկասյան – Սուսաննա Գաբոյան,
  • Աստղիկ Հակոբյան – Մարիամ Մկրտչյան,
  • Նարե Առաքելյան – Վերոնիկա Խաչատրյան:

Հավելենք, որ կանանց առաջնությունն ավարտվելու է փետրվարի 25-ին, իսկ տղամարդկանցը՝ փետրվարի 28-ին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth