Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում

Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում. միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:

«Անշուշտ, այսօրվա քննարկումը շատ կարևոր է, և ես միշտ կողմնակից եմ, որ նման ձևաչափով քննարկումներ պարբերաբար տեղի ունենան, որովհետև իրապես իրավիճակը շարունակում է բարդ մնալ: Կարծում եմ՝ մենք պարբերաբար պետք է միմյանց տեղեկացնենք մեր կատարած աշխատանքների և անելիքների վերաբերյալ, ինչպես նաև համադրենք մեր աշխատանքն այն իմաստով, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեծապես կարևորվում է, այն կարևոր գործիք է մեր ընդհանուր դիվանագիտության համար:

44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե՛ տարածաշրջանային, թե՛ խոշոր դերակատարների ուժերի և  ազդեցությունների վերադասավորում: Այս գործընթացը դեռևս ամբողջովին չի բյուրեղացել, և դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: Այնուհանդերձ, կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում:

Տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է մեր արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը:

Ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը: Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի բռնազավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը:

Մենք հանձնառու ենք կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախ և առաջ, պետք է ձևավորվի վստահության միջավայր, իսկ դրա նախադրյալները ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն: Դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը, մասնավորապես, արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ։ Միևնույն ժամանակ, մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այս ձևաչափը: Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որն առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես՝ խաղաղ գործընթացի առաջմղումը:

Եվրասիական տարածաշրջանի վրա կազդի մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի մասին խոսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:  Հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուասատանի և Ադրբեջանի առաջնորդների հունվարի 11-ի հանդիպման արդյունքով ստեղծվել է աշխատանքային խումբ երեք պետությունների փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ:

Ինչպես մատնանշված է եռակողմ հայտարարության մեջ, ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանի ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների։

Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցել է տնտեսական ինտեգրման խորացմանը, պետությունների միջև համագործակցության ապահովմանը, տնտեսական ներուժի բացահայտմանը և արդյունավետ իրացմանը։ Արդյունքում, մինչև 2020թ., չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, ակնհայտ էր միության անդամ-պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը։

Նախորդ տարվա առաջին եռամսյակից ի վեր համավարակի հետևանքով կիրառվող սահմանափակումները բացասաբար են ազդել Եվրասիական տնտեսական միության ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա՝ պայմանավորված նաև տրանսպորտային հաղորդակցության խափանումներով, միության անդամ որոշ երկրներ քաղաքացիների մուտքի արգելքով։ 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով՝ կազմելով 44 մլրդ. ԱՄՆ դոլլար։ Կան կանխատեսումներ, որ ընթացիկ տարվա ավարտին միության տնտեսությունը կկրճատվի ևս 3,9 տոկոսով։ Միևնույն ժամանակ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2020թ. նույն ժամանակահատվածում կրճատվել է ընդամենը 2 տոկոսով՝ կազմելով 2,03 մլրդ. ԱՄՆ դոլար։ Միության անդամ-պետությունների կողմից տնտեսություններին օժանդակելու ակտիվ միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազեց, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվեց մեղմել տնտեսական բացասական հետևանքները։ Անշուշտ, Եվրասիական տնտեսական միության շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրսբերմանն ուղղված միասնական ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ, և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը։ Տնտեսական կայուն շուկաների և գործընկերների ձեռքբերումը, եվրասիական հիմնական դերակատարների սերտ համագործակցությունը կնպաստեն Հայաստանի համապարփակ անվտանգության ամրապնդմանը, ինչն իր հերթին իր դրական ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում»,-ասաց Այվազյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth